Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին տեղափոխում են Քննչական կոմիտե

«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին տեղափոխում են Քննչական կոմիտե

«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին Երևանի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխում են Քննչական կոմիտե, ասված է  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ նույն հաղարդագրության՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին պատրաստվում են մեղադրանք առաջադրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունն արգելանք է դրել ձերբակալվածների հարազատների հետ տեսակցության և հեռախոսազանգերի վրա: Նրանք իրավունք չունեն նաև օգտվել ռադիոընդունիչից և տպագիր մամուլից։ 

Քննչական կոմիտեի համաձայն, ձերբակալվածներին կասկածում են քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, ձերբակալությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։

«Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։