Home / Հայաստան / Դատավորը դատախազ է մնացել․ քաղաքացիներին կոչ են անում բացարկ հայտնել Լևոն Ավետիսյանին

Դատավորը դատախազ է մնացել․ քաղաքացիներին կոչ են անում բացարկ հայտնել Լևոն Ավետիսյանին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը իր՝ դատավորին ոչ հարիր վարքագծով և դատավարությունների ընթացքում դրսևորած ցինիկ և ոչ կոռեկտ պահվածքով հեղինակազրկում է առանց այդ էլ վստահություն չներշնչող դատական համակարգը Հայաստանում: Այս մասին այսօր հայտարարություն են տարածել «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանձնախումբ» նախաձեռնությունը, «Հասարակություն առանց բռնության» և «Վելես» ՀԿ-ները: Կազմակերպությունները նշում են երեք դատական գործեր, որոնցով դատավորը ապօրինություններ է թույլ տվել՝ հավելելով, որ նախկին դատախազ Լևոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չի դարձել և պաշտպանում է դատախազության առաջ քաշած վարկածները:

«2014 թ. ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում դատավոր Լևոն Ավետիսյանը ոչ միայն ուղղորդել է վկաներին և դատախազին, այլև իրեն թույլ է տվել անձնական վիրավորանք հասցնել դատավարությանը ներկա գտնված ազատամարտիկներից մեկին՝ հայտարարելով, թե նա «պախկվում է կնգա փեշերի տակ»: Այս տարվա մարտին քննելով հանրությանը հայտնի դարձած երեխայի գողության գործը՝ դատավոր Լևոն Ավետիսյանն իրեն թույլ է տվել հեգնական տոնով և բացահայտ ցինիզմով հարցեր և մեկնաբանություններ ուղղել իր երեխայից զրկված Նարինե Նիկողոսյանին: Դատավորը դատաքննության ընթացքում հայտարարել է, թե ինքը չի հավատում վկային՝ այսպիսով չթաքցնելով իր ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը: Ավելին, դատավորն իր որոշման մեջ հիմք է ընդունել իրականությանը չհամապատասխանող փաստեր և հակասել է այդ գործով քննիչի որոշմանը։ Բացի դա, իր դատական որոշման մեջ նա ոչ մի դիրքորոշում և գնահատական չի տվել բողոքի հիմքերի հետ կապված՝ պարզապես նշելով, թե «բողոքն անհիմն է»։ Դարձյալ մարտ ամսին քննելով «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ԴԱՀԿ ծառայակիցների կողմից կիրառված բռնության առթիվ հարուցված քրեական գործը, դատավորը ոչ միայն հնարավորություն չտվեց իրավապաշտպանին ներկայացնելու իր նկատմամբ կիրառված բռնության գործով տեղի ունեցած ապօրինությունները, այլև անտարբերության մատնեց հայտարարությունն այն մասին, որ քրեական գործից կորել է վկաներից մեկի ցուցմունքը», – գրում են հայտարարության հեղինակները՝ կոչ անելով այն քաղաքացիներին, ում գործով դատավոր կնշանակվի Լևոն Ավետիսյանը, անհապաղ բացարկ հայտնել նրան: