Home / Հայաստան / Անմիջական ժողովրդավարություն և ազգային մշակույթ․ «Հիմնադիր խորհրդարանի» հռչակագիրը

Անմիջական ժողովրդավարություն և ազգային մշակույթ․ «Հիմնադիր խորհրդարանի» հռչակագիրը

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը պարտավորվում է ոչ ուշ, քան կառավարող ռեժիմին հեռացնելու օրվանից երկամսյա ժամկետում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն մեկ քառորդի հետ կնքել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Հիմնադիր խորհրդարանի միջև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին» պայմանագիր և դառնալ պետական կառավարման լեգիտիմ ներկայացուցչական մարմին: Այս մասին ասված է «Հիմնադիր խորհրդարանի» հրապարակած «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին» հռչակագրում:

Համաձայն հռչակագրի, նախաձեռնությունը և նրա ընտրած Անցումային կառավարությունը Պայմանագրով սահմանված երկամյա Անցումային փուլում գործելու են անցումային ժողովրդավարության սկզբունքով և իրականացնելու են Անցումային փուլի ծրագիր, որը միտված է լինելու կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցող անկումը կասեցնելուն, հնարավոր նենգադուլը (սաբոտաժը) կանխելուն և կայուն ժողովրդավարության վրա հիմնված «նոր որակի հայկական պետության ձևավորման համար մեկնարկային պայմաններ ստեղծելուն»:

Անցումային փուլի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանը» պարտավորվում է նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե կազմակերպել, ինչպես նաև նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով անցկացնել համապետական և տեղական ընտրություններ։

Հռչակագիրը սահմանում է, որ նոր որակի հայկական պետությունը պետք է հիմնված լինի ազգային մշակույթի վրա և ստեղծագործաբար ներառի միջազգային անհրաժեշտ փորձը՝ պաշտպանի մարդու իրավունքները, պայմաններ ստեղծի ազգային ինքնության դրսևորման, առաջնորդվի ազգային և պետական շահերով, նաև բոլոր ռազմավարական հարցերը լուծի բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով՝ անմիջական ժողովրդավարության ձևերով: