Home / Հայաստան / Կալանավորված ընդդիմադիրների և նրանց հարազատների տեսակցության արգելքն անհիմն է

Կալանավորված ընդդիմադիրների և նրանց հարազատների տեսակցության արգելքն անհիմն է

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կալանավորված անդամների նկատմամբ տեսակցության արգելքը չհիմնավորված և ցուցադրական որոշում է: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության կալանավորված անդամների փաստաբաններից մեկը՝ Տիգրան Եգորյանը:

Նա նկատել է, որ արգելելն արդարացված կլիներ, եթե հարազատների հետ հանդիպումները օգնեին ենթադրյալ հանցագործությունը նախապատրաստելուն, մինչդեռ նախաքննական մարմին արդեն իսկ հայտնել է, որ փաստեր ունի, թե ձերբակալվածները նախապատրաստել էին զանգվածային անկարգություններ:

Փաստաբան Արա Զաքարյանի խոսքով՝ այս միջոցով նախաքննական մարմինը փորձում է հավելյալ ճնչում գործադրել քաղաքական կազմակերպության անդամների և նրանց հարազատների վրա:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, փաստաբան Լուսինե Հակոբյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արձագանքին՝ համարելով, որ նրա տված գնահատականը բավարար չէր, ավելին՝ պարունակում էր թյուր տեղեկություններ:

«Մասնավորապես, Արամ Հակոբյանի գործով առավոտյան 07.50-ի սահմաններում ահազանգ եմ ստացել, որ իրենց բնակարանում խուզարկություն է տեղի ունենում, մոտ 20 հոգի՝ ԱԱԾ ներկայացուցիչներ և ոստիկաններ, մուտք են գործել իրենց բնակարան և խուզարկություն անցկացրել բոլոր սենյակներում: Մենք կապվել ենք Գյումրու մեր փաստաբան կոլեգաներից մեկի՝ Հայկ Հարությունյանի հետ: Կապվել ենք նաև ՄԻՊ-ի գրասենյակ հետ և խնդրել փաստաբան ուղարկել: Ոչ միայն Հայկ Հարությունյանին թույլ չի տրվել մուտք գործել Արամ Հակոբյանի տուն, այլև ՄԻՊ ներկայացուցչին: Այնուհանդերձ ՄԻՊ հայտարարությունից տեղեկանում ենք, որ պաշտպանը միջամտել է այդ գործընթացին իր լիազորությունների շրջանակներում», – ասել է Լուսինե Հակոբյանին:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 6 անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյան, Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Գևորգ Սաֆարյան, Գարեգին Չուգասզյան, Արամ Հակոբյան, ձերբակալել էին ապրիլի 7-ին։ Առաջին 5-ին հետագայում կալանավորել էին, իսկ Արամ Հակոբյանին ազատ արձակել գրավի դիմաց։

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, ձերբակալությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։

«Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։ Այդ հայտարարությունը նախաձեռնության անդամները վերահաստատել են ընդդիմադիր կազմակերպության առաջնորդների ձերբակալությունից հետո։