Home / Տեսանյութեր / Ակտիվ վախենալ ամբողջատիրությունից․ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվ վախենալ ամբողջատիրությունից․ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը ոչ թե քայլ առ քայլ, այլ խոշոր ցատկերով մոտենում է մի ծանր ռեժիմային երկրի, որը կոչվում է ամբողջատիրություն։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Հանրահավաքի պահանջն էր ազատել ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամներին, ինչպես նաև մյուս քաղբանտարկյալներին՝ Վոլոդյա Ավետիսյանին և Շանթ Հարությունյանին ու նրա համախոհներին։

«Ամբողջատիրության լավագույն ցուցանիշներից մեկը, երբ ռեժիմն իր բոլոր կեղտոտ, անօրինական, անմարդկային քայլերի համար պահանջում է հասարակության հավանությունը։ Հիմա դպրոցները, համալսարանները, ուսուցիչները խմբով հավանություն են տալիս այն ամենին, ինչ այսօր իշխանություններն անում են անօրինաբար։ Այսինքն՝ հասարակությունը մասնակից է դառնում մեղքին և հասարակությունը դառնում է ամբողջատիրության մաս», ֊ հայտարարել է Հրանուշ Խառատյանը։

Նա հարց է բարձրացրել՝ արդյոք մեր երկրի բնակչությունը չի սարսափում այդ ամբողջատիրությունից, երբ մարդու կյանքը, կամքը, միտքը, վարքը՝ ամբողջը որոշում են առկա իշխանությունները։

«Ես վախենում եմ։ Ես վախենում եմ ամբողջատիրական ռեժիմից։ Ես ուզում եմ, որ դուք վախենաք դրանից։ Ես ուզում եմ, որ դուք ակտիվ վախենաք։ Ես ուզում եմ, որ մենք միասին մեր կյանքը չզոհաբերենք մի քանի մարդկանց կամքի», ֊ ասել է Խառատյանը։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների ձերբակալությունն իրականացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով։

«Մենք պետք է հասկանանք, որ մեր անկախությունը, մեր ազատությունը, ցեղասպանության ճանաչումն անհնար կլինի մինչև մենք չդառնանք ազատ և անկախ ազգ ու պետություն։ Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք՝ ում ստրուկներն են, ում կամակատարներն են այս խամաճիկները», ֊ ասել է Խզմալյանը՝ նկատի ունենալով ՀՀ իշխանություններին։

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունն իր հաջորդ հանրահավաքը կանցկացնի ապրիլի 24-ին, ժամը 18։00֊ին «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում