Home / Հայաստան / Բնակիչների մի մասը դեմ է «Գազպրոմի» համալիրին․ քաղաքապետը պնդում է՝ խոստումը կատարելու է

Բնակիչների մի մասը դեմ է «Գազպրոմի» համալիրին․ քաղաքապետը պնդում է՝ խոստումը կատարելու է

Ծարավ Աղբյուր փողոցում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ֊ի կողմից կառուցված շենքերի բնակիչների մի մասը դեմ է իրենց հարևանությամբ գտնվող տարածքում ռուսաստանյան «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կրթական ուսումնա֊մարզական համալիրի կառուցմանը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է շենքերից մեկի բնակիչ Համազասպ Դանիելյանը։

Կրթական համալիր կառուցելու առաջարկն ընդունել էր Երևանի ավագանին։ Ընդ որում՝ ավագանին որոշել է տարածքն ընկերությանը վաճառել առանց աճուրդի և, ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամների կարծիքով, շուկայականից էժան գնով։

Դեռևս 2014 թվականի մարտին նույն տարածքի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին այլ խոստում էր տվել։ Մարտի 4-ին Երևանի քաղաքապետի՝ youtube.com կայքում գործող ալիքը տեսանյութ էր տեղադրել, որում Մարգարյանն ասում է, թե Ծարավ Աղբյուրի նոր բնակելիների կողքին պետք է կառուցվի մանկապարտեզ և խաղահրապարակ, ընդ որում ՝ խաղահրապարակը շարագործման է հանձնվելու մինչև տարեվերջ, իսկ մանկապարտեզը՝ 2015 թվականի սկզբին։

«Հաշվի առնելով, որ առաջիկա բնակարանաշինական ծրագրերի արդյունքում Ծարավ Աղբյուր փողոցի այս տարածքները խիստ բնակեցվելու են, նորակառույցների հարևանությամբ գտնվող ՀՀ Ներքին զորքերի զորամասը տեղափոխվելու է այլ վայր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ քաղաքապետարանում քննարկվել և որոշել է զորամասի տեղում քաղաքային պուրակ և մանկապարտեզ կառուցել»,֊ նշվում էր տեսանյութում։

Դանիելյանն ասել է, որ տարածքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հանձնելը շարունակությունն է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ֊ի հետ պայմանագրի կնքելուց (2012թ) ի վեր բնակիչների համար ստեղծվող բազմաթիվ գլխացավանքների, պայմանագրերի կետերի խախտումների։

«Նախ պայմանագրով նախատեսված էր, որ բնակարանը հանձնվելու է 2012 թվականի նոյեմբերին: Փաստացի բնակվելու հնարավորություն ստացանք 1,5 տարի ուշացումով՝ 2014֊ի գարնանը, իսկ շենքը հանձնվեց շատ առումներով կիսակառույց և չբարեկարգված վիճակում: Ու թեև նույն պայմանագրով նախատեսված էին զգալի տույժեր ուշացման համար (միջինը 1-2 միլիոն դրամ յուրաքանչյուր բնակարանի դեպքում), փաստացի նշված կառույցի կողմից իրավաբանական աճպարարությունների և բնակիչների բարի կամքի շնորհիվ տույժերի փոխարեն ՀԿ-ն խոստացավ բակում խաղահրապարակ կառուցել, նաև փոխհատուցել գազամատակարարման հետ կապված որոշ, համեմատաբար աննշան ծախսեր, որն իրականացված եզակի խոստումներից է»,֊ ասել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ բնակիչներին անհանգստացնում է այն, որ ներկայիս ծրագրով փաստորեն իրենց բակը առաջիկա մի քանի տարում ևս շարունակելու է լինել շինհրապարակ։

Դանիելյանն ասել է, որ բնակիչներից 7-8 հոգի, տեղեկանալով քաղաքապետարանի որոշման մասին, իրենց պատուհաններից կախել են «վաճառվում է» ցուցանակներ։

Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ ներկա է գտնվել կառուցվող ուսումնական-մարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Համաձայն քաղաքապետարանի հաղորդագրության, կրթական համալիրը կունենա 250 տեղանոց մանկապարտեզ, 950 տեղանոց դպրոց, այդ թվում՝ ավագ դպրոց՝ նախատեսված 450, միջնակարգ դպրոց՝ 500 աշակերտի համար, փակ լողավազան և մինի ֆուտբոլի մարզադաշտ: Մարզաառողջարարական գոտին կներառի համալիր՝ ունիվերսալ խաղասրահով, շուրջտարի գործող 350 տեղանոց փակ սահադաշտ՝ արհեստական սառույցով, ուսումնամարզական գործընթացի և տափօղակով հոկեյի, գեղասահքի և ազատ ոճի սահքի մարզումների անցկացման համար, ստորգետնյա ավտոկանգառ՝ 85 ավտոմեքենայի համար։

Տարոն Մարգարյանն իր խոսքում անդրադարձել է Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցված շենքերի հարակից տարածքում պուրակ ստեղծելու խոստմանը՝ ընդգծելով, որ այն ուժի մեջ է և անպայման կկատարվի: