Home / Հայաստան / Ադրբեջանը մեղադրում է ԱՄՆ֊ին հայամետության մեջ իր խնդիրներից ուշադրությունը շեղելու համար․ Պետդեպ

Ադրբեջանը մեղադրում է ԱՄՆ֊ին հայամետության մեջ իր խնդիրներից ուշադրությունը շեղելու համար․ Պետդեպ

Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրելով, փորձում է շեղել ուշադրությունն իր սեփական խնդիրներից։ Այս մասին ապրիլի 16-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մարի Հարֆը (լուսանկարում)։

Լրագրողներրից մեկը հարցրել է Հարֆին, թե Պետդեպն ինչ կարծիք ունի այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնաթերթերից մեկը հոդված է հրապարակել, որում մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Պետքարտուղար Ջոն Քերիին հայամետ քաղաքականություն վարելու և տարածաշրջանը ապակայունացնելու մեջ։

«Ո՞րն է Ձեր արձագանքը, ինչպե՞ս եք որակում այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունները։ Դա ռազմավարական գործընկերությո՞ւն է», ֊ հարցրել է լրագրողը։

Հարֆը պատասխանել է, որ ԱՄՆ֊ն շատ հստակ դիրքորոշում ունի, երբ խոսում է որևէ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ունեցած մտահոգությունների մասին, ինչպես դա եղել է Ադրբեջանի դեպքում։

«Փորձել մեզ մեղադրել ինչ֊որ բաների համար կամ սլաքները շրջել ԱՄՆ֊ի վրա նշանակում է ուշադրությունը շեղել սեփական երկրում ստեղծված իրավիճակից, որի վերաբերյալ՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով, մենք լուրջ մտահոգություններ ունենք։ Ես կարծում եմ, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք, երբ մեր անհամաձայնությունն ենք հայտնում մարդու իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Այդ խնդրի կապակցությամբ ավելին չեմ կարող ասել», ֊ հայտարարել է Մարի Հարֆը։