Home / Հայաստան / Երևանյան բակի կանաչ տարածքը սեփականաշնորհվել է․ պաշտոնյաները բողոքին չեն պատասխանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանյան բակի կանաչ տարածքը սեփականաշնորհվել է․ պաշտոնյաները բողոքին չեն պատասխանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատունյաց 16 և Եղբայրության 22 հասցեներում գտնվող շենքերի հարակից կանաչ հանրային տարածքը (112 ք/մ) փետրվարի 15֊ին կադաստրի կողմից սեփականության իրավունքով հանձնվել է քաղաքացի Սարգիս Հովսեփյանին։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Եղբայրության 22 շենքի բնակիչ Անահիտ Դավթյանը՝ նշելով, որ բնակիչները դեմ են հանրային տարածքի սեփականաշնորհմանը և այդ հարցով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետարան, սակայն որևէ մեկից պատասխան չեն ստացել։

Դավթյանի խոսքով՝ իրենք միայն «վաճառվում է» ցուցանակը բակում տեսնելով են տեղեկացել, որ կանաչ գոտին վաճառավելու է։ Որոշ ժամանակ անց հայտնվել է սեփականատերը, ով դեռևս 1990-ականներին նույն տարածքում՝ 42 ք/մ հողատարածքի վրա, շունթյուն էր կառուցել, որը ծառայել է որպես հանքային ջրերի մեծածախ վաճառքի կետ։

«Մենք մեր ուժերով այս տարածքը խնամել ենք, ոռոգել ենք, հիմա ծաղիկներ կան, ծառեր։ Շենքի բնակիչները նստում են, հանգստանում։ Իմ որդին այստեղ սարքել է հարմար տեղ, այգի։ Հիմա եթե սա սեփականություն է, ինչ ուզեն կանեն։ Ես երեկ զանգեցի Հովսեփին, նա ասաց՝ ես հիմա թույլ եմ տալիս ձեզ իմ տարածքում նստել, հետո թույլ չեմ տա, չեք նստի։ Իսկապես, եթե դա սեփականություն է, չենք կարող այլ բան պահանջել»,֊ ասել է Դավթյանը։

Տարածքի սեփականաշնորհման դեմ ստորագրահավաք կազմակերպած մյուս բնակիչներն իրենց նամակներում վկայակոչում են նաև օրենսդրությունը, որը սահմանում է իրավաբանական անձնանց սեփականության իրավունքով հողեր փոխանցելու կարգը։ Համաձայն Հողային օրենսգրքի ՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) չեն կարող սեփականության իրավունքնով փոխանցվել քաղաքացիների և իրավաբանական անձնանց։

Epress.am-ը զրուցել է նաև նոր սեփականատեր Սարգիս Հովսեփյանի հետ։ Վերջինս բացատրել է, որ ինքը գնել է տարածքը, քանի որ այն միևնույն է ինչ֊որ մեկը՝ «խալխը», պետք է գներ։

«Ամեն ինչ օրինական կարգով է արվել, դիմել ենք քաղաքապետարան մեր սահմանադրական իրավունքի շրջանակներում։ Ոչ մի խախտում չկա։ Այդպիսի գործընթաց է գնում, սեփականաշնորհվում է ամեն բան։ Հիմա ավելի լավ չի՞ ես գնեմ, քան ուրիշը։ Ես բնակիչներին ասել եմ, այդ տարածքում ոչ մի շինություն կառուցելու մտադրություն չունեմ։ Ոնց կանաչ տարածք կա, այդպես էլ մնալու է», ֊ ասել է Հովսեփյանը։

Մեր այն հարցին, թե ինչու է Հովսեփյանը այդքան մեծ գումար վճարել տարածքը սեփականաշնորհելու համար, եթե դրա նշանակությունը չի փոխելու՝ սեփականատերն ասել է․ «Ցանկացել եմ սեփականաշնորհել, սեփականաշնորհել եմ»։