Home / Տեսանյութեր / Անմոռուկի մասին տեսանյութից հետո շոուի հաղորդավարին ոստիկան է այցելել

Անմոռուկի մասին տեսանյութից հետո շոուի հաղորդավարին ոստիկան է այցելել

«SOS» ինտերնետ֊շոուի համահեղինակ, հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի կողմից «L'anmoruk» անունով տեսանյութը հրապարակելուց հետո նրա տուն և աշխատավայրերն են այցելել մեկ ոստիկան և երկու անհայտ անձիք ու հարցուփորձ արել Գայֆեջյանի մասին։ Epress.am-ի հետ զրույցում հաղոդրման պրոդյուսեր Հայկ Բարսեղյանը պատմել է, որ ապրիլի 20-ին երկու անծանոթներ այցելել են Գայֆեջյանի երկու աշխատավայրեր (նա բարմեն է աշխատում֊խմբ․)՝ ձեռքերին նրա լուսանկարը և հարցրել են՝ արդյոք որևէ մեկը ճանաչում է երիտասարդին, որպես ինչ է նա աշխատում։

Ապրիլի 21-ին մի ոստիկան քաղաքացիական հագուստով մեկի ուղեկցությամբ գնացել է Գայֆեջյանի՝ Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարան։ Անծանոթները երիտասարդի ընտանիքի անդամներին հարցրել են՝ արդյոք իրենց բնակարանն ապահով է, ո՞ւնի ճաղավանդակներ պատուհաններին, թե ոչ։ Ոստիկանը բացատրել է, որ Հայոց Ցեղասպանության 100֊ամյակի միջոցառումների շրջանակներում, հնարավոր է, խնդրեն իրենց տանը արտասահմանից եկած հյուրի հյուրընկալել և հարցումն այդ նախապատրաստությունների շրջանակներում է արվում։

«Մենք կարծում ենք, որ սա պատահական այցեր չէին։ Հնարավոր է, որ հենց «Անմոռուկ» տեսանյութի հետ է կապված (կասկածելի այցերը տեղի են ունեցել ապրիլի 20֊ին և 21֊ին, իսկ 19֊ի երեկոյան՝ կիրակի օրը, հրապարակվել էր տեսանյութը֊ խմբ․): Ի վերջո, տեսանյութը քննադատում էր ոստիկանությանը և իշխանություններին։ Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերներն էլ էին դա անում։ Դրա համար մենք կարևոր ենք համարում հայտարարել այս կասկածելի այցերի մասին։ Մենք տեղեկացրել ենք նաև ոստիկանությանը, չեմ կարծում, որ կհանդգնեն Վիլենի վրա հարձրակվել հրապարակայնություն ապահովելուց հետո», ֊ ասել է Բարսեղյանը։

Ոստիկանություն ահազանգած Բարսեղյանին պատասխանել են, որ ոստիկանական համազգեստով մարդու այցելությունը նորմալ է։

«Ոստիկանությունից ասացին, որ Երևանի կենտրոնում այդպիսի գործընթաց գնում է, ստուգում են տները Ցեղասպանության 100֊ամյակի միջոցառումների շրջանակներում», ֊ ասել է պրոդյուսերը։

Նրա խոսքով՝ այցերը չեն վախեցրել իրենց թիմին։

«Վիլեն Գայֆեջյանը ասում է, որ եթե իրեն ծեծեն էլ, կապտած աչքով հաղորդում կնկարի»,֊ նշել է Բարսեղյանը։

Ստորև Գայֆեջյանի հաղորդումը․