Home / Տեսանյութեր / Հանցագործությունը հենց ազգայնականության հետևանք է. Թուրքիայում քննարկում են Ցեղասպանությունը

Հանցագործությունը հենց ազգայնականության հետևանք է. Թուրքիայում քննարկում են Ցեղասպանությունը

Թուրքիայի Աշխատավորների հեղափոխական սոցիալիստական կուսակցությունն ապրիլի 23-ին «Ցեղասպանության ժխտման 100 տարին։ Պետությունը պետք է ճանաչի և ներողություն խնդրի» խորագրով համաժողով  էր կազմակերպել, որին մասնակցելու համար հրավիրել էր ցեղասպանության հարցերով, Թուրքիայի հայերի և այլ փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող առաջատար գիտնականների, իրավապաշտպանների և լրագրողների։ Հանդիպումը մեծ հանրային ուշադրության չէր արժանացել, Թուրքիայում այն լուսաբանում էր միայն քրդական հեռուստաընկերություններից մեկը։

Ներկայացնում ենք հատվածներ համա-ողովին հնչած ելույթներից.

Ֆերդա Քեշքին

Բողազիչի համալսարանի պրոֆեսոր,փիլիսոփա

Հայկական հարցով զբաղվողները հիմնականում ձախեր են, ֆեիմինիստներ, նրանք պաշտպանում են ալևիներին, քրդերին։ Բայց հայերի նկատմամբ ունեցած ատելությունը շատ խորն է։ Կան նաև իրենց առաջադեմ համարող ավանգարդիստներ,  ֆեմինիստներ, որոնք հայկական հարցից խուսափում են։

Ես չեմ համարում, որ իրավունք ունեմ քննադատել միայն թուրքերի ազգայանկանությունը, սակայն ոչ հայերինը։ Այդպես չէ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այդ անմարդկային հանցագործությունը հենց ազգայնականության հետևանք է։ Ես դեռ 70-ականներից եղել եմ քրդերի իրավունքների պաշտպան, մասնակցում էի ակցիաների, բայց ես քննադատում եմ քրդական շարժումը, երբ այն սկսում է դառնալ շատ նման այն բանին, ինչի դեմ պայքարում էր։  

Այո, «ցեղասպանություն» բառը շատ կարևոր է օգտագործել։ Մենք պետք է հասկացնենք մեր հասարակությանը, որ ցեղասպանությունը ժխտելը շատ ավելի վատ է, քան ցեղասպանությունը կատարած անձի ժառանգ լինելը։ Բառը, օգտագործվելով, ձեռք է բերում դիսկուրսիվ նշանակություն։ «Ցեղասպանություն» բառը պետք է օգտագործվի ամենօրյա խոսքի մեջ։ Հիմա, երբ մենք մտնում ենք բանավեճի մեջ ազգայնականների հետ, նրանց լեզուն ավելի ուժեղ է։

Ֆեթիյե Չեթին

2007-ին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, «Իմ  տատիկը» գրքի հեղինակ։ Չեթինը առաջին հայտնի թուրք մտավորականն է, ով հայտարարել է, որ իր տատը հայ էր։

Երբ ես հայտնաբերեցի, որ իմ տատը հայ էր, ես, ի տարբերություն այլ թուրքերի, ովքեր այդ հարցի հետ բախվել էին, մեծ ստրես չապրեցի այն բանի համար, որ «իմ արյունը մաքուր չէ»։ Ես դա իմացա, երբ 24 տարեկան էի, արդեն իրավաբան էի, ընդդիմադիր էի, մարդու իրավունքներով էի զբաղվում։ Ես ոչ թե տխրեցի, այլ զայրացա և հասակացա, որ պետք է այս լռությունն ի վերջո կոտրվի։ Ես որոշեցի գրել  իմ տատիկի պատմությունը, քանի որ կարծում եմ, որ անձնական պատմություններով է, որ ցեղասպանությունը, հայերը, Հայաստանը վերացական գաղափարներից դառնում են կոնկրետ բաներ։

Թուրքիայում դատարանը մաս է կազմում ընդհանուր պետական քաղաքականության, որի հիմքում ընկած է ցեղասպանության ժխտումը։ Որպես իրավաբան ես կարևորում եմ այդ մոտեցումը դատական համակարգից արմատախիլ անելը։

2turkeyconferance

Ահմեդ Ինսել

Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր

Ինչո՞վ է 100-ամյակը տարբերվում այլ տարելիցներից։ Ես կասեի, որ նոր միտում կա Թուրքիայում. մարդիկ հասկացել են, որ հայկական հարցը միայն հայերի հարցը չէ։ Թուրքերի համար հայերի հարցը բարձրացնելը նախ և առաջ հասարակությունը փոխելու համար է արվում։ Այս օրերին ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը պահանջող միջոցառումների գնալով՝ դուք կնկատեք, որ նույն մարդկանց եք տեսնում։ Նույն մարդիկ են նաև ակտիվ ալևիների, քրդերի պաշտպանության հարցում, նույն ակտիվիստներն են կանանց իրավունքներով զբաղվում, ակցիաներ կազմակերպում։ Սա փոքրիկ քաղաքացիական հասարակություն է՝ մոտ 2500 հոգի, որ համարվում է մարգինալ խումբ, բայց այս մարգինալ խմբի շնորհիվ հասարակության մեջ շատ բան է փոխվել։  

Այս տարի առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ներառվել է մեջլիսի կուսակցություններից մեկի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության  ծրագրում: Եվ նրանք մոտ 10 տոկոս ձայն կստանան այս տարի հունիսին ընտրություներում, այսինքն՝ կունենան 60 պատգամավոր։ Դա լավ ցուցանիշ է։

Ջաֆեր Սոլգուն

ալևի ակտիվիստ, գրող

Իշխանություններն ընդունում են 1938 թվականին Դերսիմում տեղի ունեցած ալևիների ցեղասպանությունը, քանի որ դա արվել է հանրապետական Աթաթուրքի տարիներին, իսկ հիմա իսլամիստ իշխանությունները չեն սիրում հանրապետականներին։ Այսինքն՝ տրամաբանությունը շատ պարզ է։

Նոր Թուրքիան պետք է լինի անցյալին առերեսվելու, սոցիալական արդարության երկիր։  

Անի Բալիքչի

2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալիքչիի մայրը։ 

Ենթադրենք, պետությունը ճանաչեց [ցեղասպանությունը], բայց ի՞նչ օգուտ, եթե իմ հարևանը չի ընդունում։ Հակառակը, այս միջոցառումներն ավելի են վտանգում հայ համայնքը Թուրքիայում, եթե մեր հարևանները չեն ընդունում։

Քնար Խուդոյան

Թուրքերենից ելույթները թարգմանելու համար հեղինակը շնորհակալություն է հայտնում Ումութ Ազակին:

1turkeyconferance