Home / Հայաստան / «Թե՞ գիտեն եզդի եմ՝ ոնց ուզեն կանեն»․ հովիվն ընդդեմ գյուղապետի ամուսնու. «Հրապարակ»

«Թե՞ գիտեն եզդի եմ՝ ոնց ուզեն կանեն»․ հովիվն ընդդեմ գյուղապետի ամուսնու. «Հրապարակ»

2014 թվականի հունվարի 9֊ին Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Զատա Բրոյանն իր ոչխարների հոտը դաշտերից գյուղ տանելիս է լինում, երբ փողոցն անցկացնելիս ոչխարների մի մասը վրաերթի են ենթարկվում։ Եզդի հովվի փոխանցմամբ, վրաերթ կատարողն Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանի ամուսինն է՝ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության նախագահ Տոնական Ղազարյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ղազարյանը, Զատա Բրոյանի խոսքով, վրաերթը կատարել է ոչ սթափ վիճակում․ «Խմած էր։ Ես բատարեով հինգ անգամ ազդանշան տվեցի, որ իմաց տամ՝ ճամփին ոչխարներ կան, բայց բանի տեղ չդրեց։ Եկավ֊մտավ ոչխարներիս մեջ ու 35 մայր ոչխար կոտորեց»։

Փաստի առիթով ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Տոնական Ղազարյանն այդ ընթացքում, հովվի ասելով, փորձում է իրեն հասցրած նյութական վնասը փոխհատուցել՝ առանց գործի ընթացքը բարդացնելու։ «Ինքը մարդ էր ուղարկել, որ գնամ իրենց տնից փողը վերցնեմ։ Ես չհամաձայնեցի, ասացի, որ իր տուն չեմ գնա, թող փողը բերի դաշտում տա ինձ։ Հետո կինն է զանգում մեր տղերքին և նույն առաջարկն իրենց միջոցով ինձ հասցնում։ Էլի չգնացի»,֊ պատմել է եզդի հովիվը։

Հասկանալով, որ ՋՕԸ֊ի ղեկավարն իրեն խաբում է, Զատա Բրոյանը գրավոր դիմում է ՀՀ ոստիկանապետին։ «Նամակից հետո ոստիկանները եկան, թե՝ ուզածդ ի՞նչ ա։ Ասեցի՝ թող ինձ հասցրած վնասը տա։ Քննիչ Սերգեյ Ատոմյանն ասեց, որ Ղազարյանի մեքենան ապահովագրված ա, և էդ գումարը՝ 3 մլն դրամ, «Կասկոն» կտա։ Ասեցի՝ ինձ 3 մլն պետք չի, ինձ հասցրած վնասը 2 մլն 240 հազար դրամ ա, թող էդքան տա»։

Եվ, որպեսզի ապահովագրական ընկերությունը Բրոյանին հասցված նյութական վնասը փոխհատուցի, քննիչը, հովվի ասելով, իրեն սկսում է համոզել, որ ճանապարհը, որով անցկացնելիս է եղել հոտը, սառցակալած է եղել։ «Գրի, որ մառախուղ էր, ճամփեքն էլ սառած էին, որ «Կասկոն» տա։ Ասեցի՝ եթե տենց չի եղել, ո՞նց գրեմ։ Ասաց․ չես գրի՝ չի տա։ Ես էլ չոբան մարդ, բան չեն հասկանում։ Մենակ նրա համար, որ փողս տան, գրեցի էն, ինչ քննիչը թելադրեց»։

Որոշ ժամանակ անց Բրոյանն ապահովագրական ընկերությունից գրություն է ստանում այն մասին, որ մեղավորն ինքն է եղել, քանի որ ոչխարի հոտը հանել է սառած ճանապարհի վրա, հետևաբար, 2 մլն 240 հազար դրամի վնասը ոչ թե Տոնական Ղազարյանը պետք է Բրոյանին փոխհատուցի, որպես նյութական վնաս, այլ՝ հակառակը։

Թերթի փոխանցմամբ՝ թղթակցի՝ դեպքի մասին հարցը Տոնական Ղազարյանին ափերից հանել է. «Ուզում ա ինձ վարկաբեկի՞, թույլ չեմ տա»։

Լրագրողի հարցին, թե ինչու է հարբած վիճակում մեքենա վարել, ինչի հետևանքով 35 մայր ոչխար է սատկել, հայտարարել է․ «Էդ ես եմ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվել, հլա ես պիտի փոխհատուցե՞մ»։

«Ինչո՞ւ էիք դեպքից անմիջապես հետո Բրոյանին գումար առաջարկել, եթե մեղավոր չէիք» հարցին ի պատասխան ասել է, որ նման բան չի եղել։

Եզդի հովիվը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, դատախազին, ոստիկանապետին՝ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու խնդրանքով։ «Համ ես տուժեմ, համ փո՞ղ տամ։ Թե՞ գիտեն եզդի եմ՝ ոնց ուզեն կանեն․․․»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում