Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանի» բանտարկված անդամը դադարեցրել է հացադուլը

«Հիմնադիր խորհրդարանի» բանտարկված անդամը դադարեցրել է հացադուլը

Երեկ երեկոյան «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է ապրիլի 16-ից շարունակվող հացադուլը և տեղափոխվել է նոր բանտախուց:

Ինչպես նշված է նախաձեռնության երեկ տարածած հաղորդագրության մեջ, նոր բանտախուցը (զրոյական բանտախուց) իր պայմաններով առավել բարենպաստ է ընդգծված քաղաքական հայացքներ ունեցող անձանց համար, քան նախկինը, որտեղ անձանց թիվը մոտ երկու անգամ գերազանցում էր մահճակալների թիվը:

«Այս պահին Գևորգ Սաֆարյանը նոր բանտախցում մենակ է գտնվում, նրա առողջական վիճակը բավարար է, նա արդեն սնունդ է ընդունում: Նշենք նաև, որ այս փոփոխությունը հնարավոր դարձավ փաստաբանների և քրեակատարողական հիմնարկում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ջանքերով: Փաստաբանները և դիտորդական խումբն այսուհետ ևս անընդմեջ հսկողություն են իրականացնելու թե՛ Գևորգ Սաֆարյանի և թե՛ մյուս քաղբանտարկյալների՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմանների նկատմամբ», ֊ ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել էին նախաձեռնության 6 անդամներ։ Նրանցից 5-ին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Գևորգ Սարֆարյանին կալանավորել են զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, իսկ Արամ Հակոբյանին մեղադրել են ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ ու ազատ արձակել գրավի դիմաց։

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, ձերբակալությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։

«Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։