Home / Հայաստան / Թերթին դատի տալով պատգամավորը «պահում է ինտելիգենցիայի պատիվը»․ «Հրապարակ»

Թերթին դատի տալով պատգամավորը «պահում է ինտելիգենցիայի պատիվը»․ «Հրապարակ»

ՀՀԿ֊ական պատգամավոր, «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Բաբլոյանը «Հրապարակ» օրաթերթի դեմ հայց է ներկայացրել, որով պահանջում է հերքում և ներողություն «Արաբկիր կենտրոնը՝ հեպատիտ C-ի ավելի «բարենպաստ» օջախ» հոդվածի համար, բացի դա, 2 միլիոն դրամ՝ բարոյական վնասի փոխհատուցում։

«Բաբլոյանի կենտրոնում «բուժում» ստացած մարդիկ կան, որ մի կերպ հասել են Բելգիա և առաջին իսկ հետազոտությունից պարզել, որ Բաբլոյանի կենտրոնից «սյուրպրիզ» ունեն՝ հեպատիտ C», ֊ մասնավորապես, նշված էր թերթի հրապարակման մեջ։ Մեկ այլ հոդվածում նշվում էր, որ Բելգիայում հեպատիտի մասին իմացած անձը՝ Օվսաննա Զոհրաբյանն է։

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Բաբլոյանն ասել է, որ դատի է տվել թերթին, որովհետև այնտեղից ոչ ոք չի ցանկացել իր մոտ գալ և իմանալա իրականությունը։

֊Ի՞նչն է Ձեր արժանապատվությունը խոցել։ Մարդիկ իրավունք չունե՞ն երբեմն էլ դժգոհ լինել Ձեր կատարած աշխատանքից ու մամուլում հայտնել իրենց դժգոհությունը։

֊ Ես հերքման տեքստ ուղարկեցի ձեզ, բայց դուք, փոխարենը տպեք, գրեցիք՝ հլը սրան նայի, փոխանակ ներողություն խնդրի, ասում է՝ հերքում դրեք։ Հիմա ես Ձեզ ասում եմ՝ Բելգիայի ԱԳՆ֊ն հանձնաժողով ուղարկեց Հայաստան՝ ուսումնասիրելու վիճակը, ու նրանք գնացին ռապորտ գրեցին, որ էդ երկրում դիալիզը կա ու տարածված է, դաժե մարզերում դիալիզ կա, այն լավագույնս դրված է մեր երկրում սովորած Արա բաբլոյանի կենտրոնում։

֊ Ուզում եք ասել, որ Ձեր հիվանդանոցում ամեն ինչ այդքան կարգին է, որ որևէ մեկը երբևէ չի վրիպել կամ ամեն բան օրինականության շրջանակներում է, և քաղաքացիներն էլ երբևէ դժգոհություններ չե՞ն ունենում։

֊ Դուք Բաբլոյանին եք կոխել ցեխը․․․ հիմա հեպատիտ C-ի մասին․ այն պացիենտը, որի մասին գրել եք, մեզ մոտ ոչ դիալիզ է ստացել, ոչ երիկամ է պատվաստել, ինքը Հայաստանի ուրիշ կենտրոնում է դիալիզ ստացել, մեզ մոտ եղել է միայն հսկողության տակ, որևէ միջամտություն չի եղել, ու իրա հեպատիտ C֊ն ոչ թե Բելգիայում է հաստատվել, այլ մեզ մոտ, մենք ունենք անալիզի պատասխանը, ու դուք սխալ ինֆորմացիա տարածելու համար պիտի պատասխան տաք… Խի՞ իմ բժշկին դատ հասնում է, ձեզ չի հասնո՞ւմ…

֊ Մենք ո՞ւմ կյանքն ենք խլել, որ դատ հասնի։ Ձեր բժշկին կյանք խլելու համար են դատում։

֊ Հիմա եթե ես էմոցիոնալ լինեմ, վեր կենամ ու հրաժարվեմ բժշկությունից, ասեմ՝ մինչև «Հրապարակը» ներղություն չխնդրի իր զրպարտության համար, ես որևիցե մեկին չեմ վիրահատելու, դու ո՞նց եք դրան նայելու․․․ Իմացեք, որ վաղը ես նման հայտարարություն անեմ, 5 րոպեից էս ժողովուրդը կփակի ձեր թերթը։ Դուք ուզում եք պրոֆեսորին կոխել ցեխը, ինքն էլ էշի պես նստի ու լսի ձեր հիմարությունները։ Ու դուք ասում եք՝ հավասարվել եք մյուս դեպուտատներին (թերթի թղթակիցը նշել էր, որն Բաբլոյանը որոշել է հետ չմնալ իր «մականունավոր գործընկերներից» ֊խմբ․)։ Ես չեմ հավասարվել, ես ուզում եմ վերջապես ինտելիգենտցիայի պատիվը տեղը պահեմ, իսկ այդ երկու միլիոնն էլ կտամ աղքատ երեխաներին։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթին նախկինում դատական հայցեր էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, փաստաբան Արթուր Գրիգորյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում