Home / Բանակ / Երբ քաղբանտարկյալը ռազմատենչ ազգայնական է

Երբ քաղբանտարկյալը ռազմատենչ ազգայնական է

«Իրենց (որոշակի) քաղաքական հայացքների համար ձերբակալված (որոշակի) քաղբանտարկյալների հետ համերաշխության բոլոր կոչերն ի վերջո հասցվում են անգործության մեղադրանքների»: Իր ֆեյսբուքյան էջում բողոքի տարբեր ակցիաների մասնակից Զառա Հարությունյանը մեկնաբանում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը:

– Իբր թե՝ կարևոր չէ՝ նրանք ինչ գաղափարներ ունեին՝ ֆաշիստական, սոցիալական, նրանք ռեժիմի ճնշման զոհեր են, կարևոր չէ՝ նրանք ռեպրեսիվ պրակտիկայի օգտին արտահայտվում են, թե՝ ոչ, արդյոք ձգտում են իշխանության՝ դրանք իրականացնելու համար, թե՝ ոչ. դա նրանց գաղափարների հետ համերաշխություն չէ, այլ՝ ելույթ քաղաքական ձերբակալությունների դեմ:

Ասում են՝ «մենք դեմ ենք ցանկացած քաղբանտարկյալների առկայությանը», ու թվում ընդդիմադիրների, որոնք կալանավորվել են իրենց դիրքորոշման, ելույթների ու գործողությունների համար:

Այդ նույն մարդիկ, իհարկե, քաղբանտարկյալ չեն համարում մանր (ու ոչ միայն) գողերին, անապահով թաղամասերից մանկահասակ «հանցագործներին», քաղբանտարկյալներ չեն համարում բռնաբար-ամուսիններին սպանած կանանց, դասալիքներին, պատժիչ հոգեբուժության զոհերին, անմեղ դատապարտվածներին ու նրանց, ում ազատազրկել են (կամ կալանքի ժամկետ ավելացրել) ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:

Նրանք քաղբանտարկյալների հարցը չեն բարձրացնում, այլ՝ կոնկրետ քաղբանտարկյալների. մարդկանց, ովքեր «իրական քաղաքականությամբ» են զբաղվում, միլիտարիզմի քարոզչությամբ, ովքեր հանդես են գալիս համընդհանուր պարտադիր (ստիպողական) զինվորական ծառայության օգտին. մարդկանց, ովքեր պայքարում են իշխանության համար, որպեսզի ի զորու լինեն նստեցնել նորանոր դասալիքների, մասնավոր սեփականության անձեռնմխելիության ու ժառանգության ինստիտուտի համար պայքարողների, նստեցնել նորանոր գողերի ու մեքենայություններ անողների, գենդերային բռնության զոհերի, բռնարարին դիմադրություն ցույց տվածներին, մարդկանց, ովքեր պայքարում են ուժեղ պետության համար, որը, ակնհայտորեն, բավականաչափ հզոր կլինի այլախոհներին նստեցնելու համար, բավականաչափ ռազմատենչ ու ազգայնական՝ ճնշելու հակառազմական քարոզչությամբ զբաղվողներին: Նրանք պայքարում են ոչ թե քաղաքական բանտարկությունների դեմ որպես այդպիսին, այլ՝ կոնկրետ գաղափարներով կոնկրետ մարդկանց քաղաքական ձերբակալությունների դեմ:

Հազիվ թե այս նույն մարդիկ ներկա լինեին քաղբանտարկյալների առկայության դեմ հավաքներին, եթե (բացահայտորեն) գործ սարքելիս լինեին, օրինակ, Հովիկ Աբրահամյանի գլխին (նախապես խայտառակաբար պաշտոնից ազատելով), կամ՝ ինչ-որ Աշոտյանի Գալուստ Սահակյանի հետ միասին: Հազիվ թե նրանցից շատերին տեսնեինք քաղբանտարկյալների առկայության դեմ հավաքներին, եթե ձերբակալած լինեին, օրինակ, մի խումբ լեսբուհիների ու գեյերի, որոնք ինքնաշեն «պայթուցիկներով» ու մահակներով գնացել էին բողոքի նախագահականի դիմաց՝ ընդդեմ իշխանությունների հոմոֆոբիայի: Ոչ. նրանք, իհարկե, քաղբանտարկյալների մասին չեն խոսում:

Նրանք խոսում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ «ազգի հերոսների» մասին, որոնք փողեր են պոկում սփյուռքից ու քարոզում ազգայնականություն ու միլիտարիզմ, զբաղվում ինքնափառաբանությամբ լրագրողների ու ԶԼՄ-ների միջոցով, որոնց մի մասը գնվել է այդ նույն փողերով, իսկ մյուսը՝ աշխատում է հանուն գաղափարի:

Եվ ես, իհարկե, թքած ունեմ այդ մարդկանց վրա. թքած ունեմ նաև նրանց պատերազմի հերոսների վրա: Ես ուրախ եմ, որ նրանց ազգայնական «հեղափոխությունը» հերթական անգամ ձախողվեց, և ուրախ կլինեմ իրենց հետագա ձախողումներից: Ակնհայտ է, որ շատ շուտով նրանց «առաջնորդներին» ազատ կարձակեն, կանխարգելիչ ձերբակալությունների ժամկետները շուտով կավարտվեն:

Թքած ունեմ նաև սփյուռքահայերի վրա, որոնք ապրում են իրենց (բազմազգ) ֆրանսիաներում, ամերիկաներում ու կանադաներում, չեն պատերազմում, չեն վախենում պատերազմից ու զինակոչից, դաստիարակում են իրենց երեխաներին ու գնում աշխատանքի, քանի որ ունեն աշխատատեղեր: Ինձ անգամ չի հետաքրքրում՝ արդյոք նրանք պատրաստ են ուղարկել իրենց երեխաներին թնդանոթի միս դառնալու ու իրենք իրենց (ու իրենց ամուսիններին/կանանց) ուղարկել բանակ՝ ինչպես առաջարկում են հենց իրենց կողմից ֆինանսավորվող ազգի պարծանքները:

Փառափանծ հայրենիքից հեռու այդ ամենն այնքան էլ հետաքրքիր չէ: Ակնհայտ է՝ այս մարդիկ, հավանաբար, շատ են կարոտում Արարատը, նրանց համար շատ ցավալի է, որ երբեմնի փառավոր ծովից ծով Հայաստանն այժմ իրենից ներկայացնում է մի խեղճ հողակտոր՝ վատ տնտեսությամբ ու մեկուկես միլիոնանոց բնակչությամբ: Նրանք վստահ են, որ եթե իրենց հիմնադիր հավաքը գրի գեղեցիկ տեքստ համընդհանուր մոբիլիզացիայի ու չորրորդ սերնդի զենքի մասին, իրականացնի անսպասելի հեղաշրջում ու պատերազմ հայտարարի, ապա մեզ մի փոքր կդռռցնեն, բայց մենք անմիջապես կդառնանք փառավոր ու հզոր (ինչպես անցյալում), ու աշխարհը կգիտակցի, թե հայերն ինչի են ընդունակ: Տղերքը հույսեր են փայփայում, հավատում են, վստահում են, փողեր են ուղարկում ու լսում են իրենց ազգի երգերը: Բայց այդ ամենը, ազնվորեն, ընդհանրապես տպավորիչ չէ:

Այս ամենի հետ մեկտեղ, ես դեմ եմ քաղբանտարկյալների առկայությանը, դեմ եմ, որպեսզի իշխանության գլխին կանգնած ահաբեկիչները ձերբակալեն ֆաշիստական խմբավորումներին, դասալիքներին, բռնարարներին սպանած կանանց, մարիխուանայի պահման համար բռնված մարդկանց, նրանց, ում չի հաջողվել արգելակել, սնունդ հայթայթելու համար գողության դիմածներին, սաղավարտ հագած ու զինված մենթին հարվածողներին, ու հարյուրավոր այլ մարդկանց, ովքեր ձերբակալվել են իրենց սոցիալ-քաղաքական վիճակի ու այդ վիճակից դրդված գործողությունների համար:

Ես պատրաստ եմ դուրս գալ բողոքի ընդդեմ բանտային համակարգի, բոլոր քաղբանտարկյալների ու իշխանական ճնշումների:

Սակայն ես պատրաստ չեմ պայքարել հանուն ազգի հերոսների ու նրանց ֆաշիստական գաղափարների. այդ հարցում կարելի է սահմանափակվել մի քանի մարդկանցով Հյուսիսային պողոտայում: