Home / Տեսանյութեր / Քննիչը կալանավորին ստիպում է հետ վերցնել ցուցմունքը՝ սպառնալով նրա դեմ քրգործ հարուցել

Քննիչը կալանավորին ստիպում է հետ վերցնել ցուցմունքը՝ սպառնալով նրա դեմ քրգործ հարուցել

«Հրազդան» ՔԿՀ-ի պետի ռեժիմային գծով տեղակալ Սամվել Բաբայանի և նույն ՔԿՀ-ի մեկ այլ աշխատակից Լեոնիդ Մկրտչյանի դեմ հաղորդում տված դատապարտյալ Արմեն Շամիրյանին սպառնում են մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավել, եթե վերջինս հետ չվերցնի իր ցուցմունքը։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շամիրյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։

ՔՀԿ֊ի պետի տեղակալ Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Հատուկ քննչական ծառայությունում նրա դեմ գործ էր հարուցվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Շամիրյանի հանցագործության մասին հաղոդրման հիման վրա։ Շամիրյանը պատմել է, որ ինքն ու Բաբայանը «Հրազդան» ՔԿՀ֊ի կալանավորների շրջանում բջջայիններ սպառելու մասին պայմանավորվածություն են ունեցել։ Շամիրյանի հարազատները հեռախոսները գնել են, իսկ Սամվել Բաբայանը դրանք մուտք է արել «Հրազդան» ՔԿՀ։ Վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվել է Բաբայանին, ով, ըստ Շամիրյանի հետ պայմանավորվածության, պետք է գումարի 50%-ը փոխանցեր դատապարտյալին, սակայն դա չի արել:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը ասել է, որ ՀՔԾ֊ն գործը պատշաճ չի քննում, ձգձգում է։

«Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել էր ուժային կառույցներից անկախ՝ այդ կառույցների աշխատողների դեմ գործեր քննելու համար։ Այսինքն՝ հենց այսպիսի չարաշահման հարցերի համար։ Շամիրյանը պահել է բոլոր բջջային հեռախոսների անհատական ծածկագրերը։ Քննություն անելու բան էլ չկա։ Ընդամենը ՀՔԾ֊ն պետք է այդ ծածկագրերով պարզեր հեռախոսների գտնվելու վայրը, և մեղադրանք առաջադրեր այն ծառայողներին, որոնք դա թույլ են տվել», ֊ նշել է փաստաբանը։

Որպես ՀՔԾ֊ի անգործության ապացույց Սաֆարյանը վկայակոչում է այն փաստը, որ քրեական գործի շրջանակներում ՔԿՀ֊ի որևէ ծառայող ոչ միայն որպես մեղադրյալ չի ներգրավվել, այլև նույնիսկ նրանց պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցված չէ։

«Եվ այդ պաշտոնյաններն իրենց հասու միջոցներով ճնշում են և փորձում համոզել Շամիրյանին հետ վերցնել իր տված ցուցմունքը։ Քրեակատարողական հիմնարկի հետաքննիչն է մոտեցել Շամիրյանին և ցույց տվել մի դատապարտյալի տված հաղորդում Շամիրյանի կողմից գումար հափշտակելու մասին՝ առաջարկելով գործարք․ եթե դու հետ վերցնես քո բողոքը, ապա մենք գործ չենք հարուցի այս բողոքով», ֊ ասել է Տիգրան Սաֆարյանը։