Գլխավոր / Հայաստան / Արցախում ստեղծվում է մի հասարակություն, որը տոտալ հսկողության տակ է․ ընդդիմադիր գործիչ․ «ՉԻ»

Արցախում ստեղծվում է մի հասարակություն, որը տոտալ հսկողության տակ է․ ընդդիմադիր գործիչ․ «ՉԻ»

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դժգոհ է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Այս մասին «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով ընդդիմադիր ուժի միակ ներկայացուցիչն է լինելու ԼՂՀ ԱԺ֊ում։ «Ազգային վերածնունդն» ընտրություններին 5.38 տոկոս է հավաքել։

«Քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն նկատվել, բայց նախընտրական քարոզչության ողջ ընթացքում եղել են ծայրահեղ ծանր խախտումներ, ճնշումներ, որոնց մասնակից է եղել նաև Ղարաբաղի Ազգային անվտանգությունը։ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղել էին որոշակի գործողություններ, երբ, օրինակ, նա մարդկանց կանչել էր «խորհուրդներ» տվել, որ չհամագործակցեն մեզ հետ, խոստացել, որ համագործակցության շարունակականության դեպքում խնդիրներ կառաջանան։ Արցախի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը հրաժարվում էր լուսաբանել մեր քարոզարշավը, իսկ դրա փոխարեն ակտիվ լուսաբանվում է իշխող ուժերի գործունեությունը, գումարած դրան՝ քարոզարշավից դուրս նրանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումների շղթան։ Մի խոսքով՝ իշխանությունների կողմից կիրառվել են տարբեր մեթոդներ, որ ընդդիմադիր ուժերը շատ ձայներ չստանան», — ասել է Խանումյանը։

Ըստ ընդդիմադիր գործչի՝ սա իշխանությունների կողմից տարվող փչացման քաղաքականությունն էր, ինչին իրենք պատրաստ էին․ «Պարզապես մենք պետք է մեխանիզմներ պատրաստեինք այդ ճնշումներին դիմայակելու, վախի մթնոլորտը կասեցնելու ուղղությամբ, բայց չհաջողվեց»։

Ազգային անվտանգության ծառայությունը, Խանումյանի խոսքով, մի այնպիսի հակապետական կառույց է դարձել, որ ներկայումս ունի բացառապես մարդկանց հսկելու ֆունկցիա։

«Էլ չեմ ասում, որ իշխանություններն ունեն ԱԱԾ ցանկացաց աշխատակցին վերահսկելու մեխանիզմ։ Մեկին վախեցնում են, սպառնում, մյուսին փող են տալիս։ Արդյունքում Արցախում ստեղծվում է մի հասարակություն, որը տոտալ հսկողության տակ է», — նշել է ընդդիմադիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում