Home / Տեսանյութեր / Հայաստանում անկախ ԶԼՄ֊ներ կան, բայց մամուլն անազատ է․ քննարկում

Հայաստանում անկախ ԶԼՄ֊ներ կան, բայց մամուլն անազատ է․ քննարկում

Հայաստանում մամուլի ազատությունից խոսելիս պետք չէ առաջնորդվել արտաքին գնահատողների, օրինակ, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցով։ Այս մասին այսօր մամուլի ազատության թեմայի շուրջ քննարկման ժամանակ ասել է «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

«Ես իմ վերաբերմունքը ունեմ մամուլի ազատության իրավիճակին։ Երբ հանրությունը հասարակության մեջ առկա գաղափարները կամ քննարկումները սկսում է լսել դրսից, հետո սկսում է ստուգել՝ արդյոք մամուլը այդ ամենը արտացոլում է, թե՝ ոչ, նշանակում է մամուլն այդ երկրում անազատ է։ Պիտի հակառակը լիներ, մարդիկ պետք է տեղեկանային լրատվամիջոցներից, հետո քննարկեին իրար մեջ»,֊ասել է Լևոն Բարսեղյանը։

Բարսեղյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան անկախ ԶԼՄ֊ներ, սակայն ընդհանուր առմամբ մամուլն անազատ է։

Նա խոսել է նաև դատական համակարգի անգործությունից՝ որպես ապացույց ներկայացնելով վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն 15 տարվա ընթացքում միայն 4 լրագրողների իրավունքների խախտման գործով է կատարվել քննություն, 200 դեպքերում՝ արդյունավետ քննություն չի իրականացվել։

Քննարկման մասնակից «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանը նշել է, որ լրագրության դաշտում աշխատում են կամ նվիրյալներ, կամ փորձի կարիք ունեցող երիտասարդ աղջիկներ, ովքեր կարող է և չպահանջեն իրենց իրավունքները հարգել, հաշտվեն խնդիրների հետ։

«Ինչպես շատ բաներ, այդպես էլ լրագրությունը փորձ են անում արժեզրկել։ Փորձ է արվում լրատվական դաշտը ներկայացնել որպես պատվեր կատարող կառույց, կամ որոշակի տեղեկություններ մանիպուլացնելու գործիք. այդ մասին շատ պաշտոնյաններ են հեգնական արտահայտվում։ Դա հերթական հանցագործությունն է խոսքի ազատության նկատմամբ»,֊ ասել է Անի Գևորգյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն որպես մամուլի ազատության լուրջ խոչընդոտ առանձնացրել է այն, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնություն կամ այլ իրավախախտում կատարած մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում։

«2014 թվականին նաև լրագրողների աղբյուրների գաղտնիության պաշտպանության առումով լուրջ բացասական դեպքեր գրանցվեցին։ Գլխավոր դատախազը հայտատարեց, որ այսուհետ լրագրողները պարտավոր են բացահայտել իրենց աղբյուրները, եթե անհրաժեշտություն առաջանա։ Նման քայլերը ևս հաշվի են առնվում միջազգային կազմակերպությունների զեկույցների մեջ», ֊ ասել է Դոյդոյանը։