Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանի ընկերությունները նվազեցրել են վճարած հարկերի ծավալը․ «ՀԺ»

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները նվազեցրել են վճարած հարկերի ծավալը․ «ՀԺ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ կապված երկու խոշարագույն ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ նվազեցրել են պետական բյուջե վճարած հարկերը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկանքի, «Ալեքս Գրիգ» և «Սամսեր գրուպ» ընկերությունները վճարել են, ընդհանուր առմամբ, 4․5 մլրդ․ դրամ՝ անցած տարվա 1-ին եռամսյակի ավելի քան 6 միլիարդ դրամի փոխարեն։ Նվազումը կազմել է մոտ 26 տոկոս։

Օրաթերթն այս հանգամանքն ուշագրավ է համարում այն տեսանկյունից, որ ներկայումս Հայաստանում ընթանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նախաձեռնած «անզիջում պայքար»՝ ստվերային տնտեսության դեմ։

«Ամենահայտնի օլիգարխի հետ կապված ընկերությունների կողմից հարկերի նման կտրուկ նվազեցումը խոսում է այն մասին, որ այդ «պայքարն» աննկարագրելի «հաջողություններ» է արձանագրում։ Ըստ ՊԵԿ տվյալների, առաջին հազար հարկատուները այս տարվա հունվար-մարտ ամիսներին վճարել են 152․3 մլրդ, դրամի հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 1․3 տոկոսով», ֊ նշում է թերթը։