Home / Հայաստան / Գեներալ Մանվելն իր բիզնեսի համար հրահանգել է փակել Էջմիածնի առևտրի կենտրոններից մեկը․ 1in.am

Գեներալ Մանվելն իր բիզնեսի համար հրահանգել է փակել Էջմիածնի առևտրի կենտրոններից մեկը․ 1in.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով օրերս փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը, որը համարվում էր քաղաքի ամենամատչելի առևտրի կետերից մեկը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր և այլ ապրանքներ: Այս մասին տեղեկացնում է 1in.am֊ը։

«Բանն այն է, որ այդ մատչելի առևտրի կենտրոնի պատճառով վատացել էր գեներալ Մանվելին պատկանող Էջմիածնի «Ունիվերմակ»-ի գործերը, ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի գործունեությունը, որի հասույթի առյուծի բաժինը ևս գեներալին է բաժին հասնում: Այդ տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ և այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է գեներալին:

Այս օրերին Մանվել Գրիգորյանը իր թիկնապահներին ուղարկել է «Դուբայ» և քաղաքի այլ խանութներ՝ վերջիններիս զգուշացնելով, որ այլևս չպետք է աշխատեն: Իսկ բացատրությունը մեկն է եղել՝ գեներալն է էդպես ուզում: Իսկ քանի որ Էջմիածնում գեներալ Մանվելի որոշումները չեն քննարկվում, խանութների տերերին այլ ելք չի մնում, քան փակելը: Առայժմ փակվել է միայն «Դուբայ» առևտրի կենտրոնը, սակայն էջմիածինցիները վստահ են, որ նույն ճակատագիրը սպառնում է նաև մյուս խանութներին», ֊ գրում է կայքը:

«Առանց այդ էլ էս ճգնաժամի պատճառով առանձնապես առևտուր չէինք անում, օրվա մեջ մի քանի կտոր բան ծախեինք` էլի լավ էր, հիմա էլ բռնեցին ու փակեցին: Բա սա անելու բանա: Մի մարդու քմահաճույքի ու սեփական բիզնեսի զարգացման պատճառով», – 1in.am-ի հետ զրույցում դժգոհել է առևատրականներից մեկը: