Home / Հայաստան / «Ժառանգությունն» ապօրինություններ է նկատել համայնքների խոշորացման հանրաքվեի կազմակերպման ընթացքում

«Ժառանգությունն» ապօրինություններ է նկատել համայնքների խոշորացման հանրաքվեի կազմակերպման ընթացքում

«Ժառանգություն» կուսակցությունը բացասաբար է վերաբերվում իշխանությունների կողմից նախաձեռնած համայնքների խոշորացման հանրաքվեին, որն անցկացվելու է մայիսի 17-ին։

«Ժառանգության» հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցության նախաձեռնած հանդիպումների արդյունքների համաձայն, բնակչության գերակշիռ մեծամասնությունը դեմ է այդ ծրագրին։

Ըստ «Ժառանգության»՝ համայնքների խոշորացմամբ առանց այն էլ կիսադատարկ շատ գյուղերի խորապատկերին կարող է խթանվել դրանց հետագա ամայացման գործընթացը, տեղերում կարող են առաջանալ կառավարման համակարգի նոր խութեր, վտանգվել տեղական ինքնակառավարման էությունը՝ հասանելի իշխանության սկզբունքը։ Բացի, դա, իրական վտանգ կա, որ առկա քաղաքական անվստահության պայմաններում մեծ ու փոքր գյուղերի միջև կստեղծվի միջհամայնքային լարվածություն և որևէ երաշխիք չկա, որ չի խախտվի համայնքների համաչափ զարգացման սկզբունքը։

««Ժառանգություն» կուսակցությունը՝

1. հայտարարում է, որ դեմ է «Համայնքների խոշորացման» ծրագրի կենսակոչմանը և, մասնավորապես, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Քաշունի և Տավուշի մարզի Աղավնավանք, Գոշ, Դիլիջան, Թեղուտ, Խաչարձան, Հաղարծին, Հովք համայնքների միավորմանը.

2. իր վրդովմունքն է հայտնում այն ապօրինությունների վերաբերյալ, որոնք կատարում են իշխանությունները հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքում, մասնավորապես.

– խախտվել է Տեղական հանրաքվեի մասին օրենքի Հոդված 22-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը, որով պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին արգելվում է քարոզչություն ծավալել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել,

– խախտվել է նույն օրենքի Հոդված 23-ի 1-ին կետը և չի բացվել բանկային միասնական հաշիվ (Քարոզչության հաշիվ): Ըստ նույն կետի՝ քարոզչության նպատակով նախաձեռնող խմբի կողմից ֆինանսավորման այլ աղբյուրներից ծախսեր կատարելն արգելվում է, իսկ ըստ նույն օրենքի Հոդված 23-ի 3-րդ կետի՝ քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք չունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու բյուջետային հիմնարկները», ֊ ասված է կուսակցության հայտարարության մեջ:

«Ժառանգությունն» արդեն երկրորդ խոշոր քաղաքական ուժն է, որը դեմ է արտահայտվում հանրաքվեի գաղափարին։ Ավելի վաղ իշխանությունների քայլերը քննադատել էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։