Home / Տեսանյութեր / Իշխանություններն իրենք են կազմակերպում Հայաստանից աշխատուժի արտահանումը․ քննարկում

Իշխանություններն իրենք են կազմակերպում Հայաստանից աշխատուժի արտահանումը․ քննարկում

ԱԺ կողմից ընդունված՝ արտերկրում շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին 13 տոկոսով Հայաստանում հարկելու մասին օրինագիծը չի նպաստի արտագաղթին, քանի որ, միևնույն է, հայաստանցի շինարարները դրսում են աշխատում։ Այսօր «Մեդիա Կենտրոնում» քննարկման ժամանակ նման կարծիք է արտահայտել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Արդյո՞ք սա արտագաղթը խթանում է, թե՞՝ չէ։ ՀՀ շինարարության ոլորտը էսօր անկումային վիճակում է։ Մեկա՝ սենց թե նենց, նրանց մի մասը պետք է գնա աշխատի։ Կառավարությունը պետք է ներկայացնի ռիսկեր, թե արդյոք սա կարող է արտագաղթին նպաստել։ Սա կոմպլեսք խնդիր է, սա միայն բիզնես խնդիր չի»,֊ ասել է Միքայել Մելքումյանը։

Նշենք, որ ԲՀԿ֊ն ձեռնպահ էր քվերակել օրենքի նախագծին։

Օրենքի մասին դրական է արտահայտվել նաև ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ օրենքը սխալ մեկնաբանությունների թեմա է դարձել միայն այն պատճառով, որ Կառավարությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել․ օրենքի նախագիծը հանրային քննարկում չի անցել, ազդեցության գնահատման եզրակացություններ չի արել։

«Մեր պահանջը եղել է այն, որ արտագնա աշխատողների համար քաղաքականություն մշակվի»,֊ ասել է Մինասյանը՝ նկատելով, որ սույն օրինագիծը թեև նաև միգրանտներին է վերաբերում, սակայն ավելի շատ հարկային քաղաքականության մասին է․ մինչև հիմա Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունները վճարում են 20% շահութահարկ, իսկ աշխատողների համար եկամտահարկը սահմանվում է նվազագույնը 24%, առավելագույնը՝ 34% տոկոս։

Օրենքը քննադատատել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հարց բարձրացնելով, թե եթե այդքան լավ օրենք է, ինչո՞ւ է լայնածավալ քննադատությունների արժանանում։

Նա համաձայնել է Արծվիկ Մինասյանի հետ այն հարցում, որ Կառավարությունը պատշաճ ընթացակարգով օրինագիծը չի ներկայացրել։

«Միգրացիայի կարգավորման մի խնդիր կա, միգրացիայի դեմն առնելը։ Եթե մինչև հիմա մենք բողոքում էինք, որ ռուսական «Հայրենակիցներ» ծրագրով մարդիկ գնում էին, հիմա ՀՀ իշխանույթուններն իրենք են կազմակերպում ՀՀ աշխատուժի արտահանումը»,֊ ասել է Արամ Մանուկյանը։