Home / Հայաստան / Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է խորհրդարանական համակարգի անցնելու հարցը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է խորհրդարանական համակարգի անցնելու հարցը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Ռադիոկայանը հիշեցնում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը չէր բացառել, որ Ազգային ժողովի քննարկմանը կարող է ներկայացվել սահմանադրական փոփոխությունների երկու փաթեթ՝ նաև կառավարման գործող կիսանախագահական համակարգը կատարելագործող:

«Մենք աշխատում ենք մեկ նախագծի վրա, և, կախված քաղաքական կոնսուլտացիաների բնույթից, քաղաքական ուժերի առաջարկություններից, հնարավոր են նաև որոշակի մոդիֆիկացիաներ նախագծում: Չեմ բացառում, որ մեկ նախագծի մեջ լինեն նաև տարբեր այլընտրանքներ: Չնայած դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետև մասնագիտական առումով Սահմանադրական հանձնաժողովը, կարծում եմ, վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարել ի օգուտ խորհրդարանական համակարգի», – ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ձևակերպված են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունների առաջին երեք գլուխները: Կառավարությանը, Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին վերաբերող գլուխների վրա աշխատանքը շարունակվում է:

Այն, ինչ այս պահին պատրաստ է, հանձնաժողովի անդամները մայիսի 18-19-ին կքննարկեն Փարիզում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

Վարդան Պողոսյանը չի բացառել, որ քննարկման առարկա կարող են դառնալ նաև կառավարման և դատական համակարգերին վերաբերող դրույթները․ «Ես կարծում եմ, որ մեր առաջարկած լուծումները հաջողված են: Բայց եկեք առաջ չընկնենք: Երբ որ մենք Վենետիկի հանձնաժողովի հետ դա կքննարկենք, մենք նախատեսում ենք հանդիպումից հետո, մայիսի 22-ին մամլո ասուլիս հրավիրել և արդեն հանրությանը ներկայացնել այն լուծումները, որոնք հանձնաժողովն առաջարկում է»:

Նշենք, որ մարտին սահմանդրական փոփոխությունները նախաձեռնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրանց վերաբերյալ քննարկումներ է անցկացրել 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ, Միավորված աշխատանքային կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ»։

Սարգսյանը չի հանդիպել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչների հետ։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Հերմինե Նաղդալյանն ասել է, որ ՀԱԿ֊ը սահմանադրական փոփոխությունների քննարկման եզր չի տեսնում։