Home / Հայաստան / Բանկային համակարգը մեծացնում է սոցիալական լարվածությունը․ պատգամավոր

Բանկային համակարգը մեծացնում է սոցիալական լարվածությունը․ պատգամավոր

Այսօր Ազգային ժողովում օրենքի նախագիծ է քննարկվել, որով նախատեսվում է ավելացնել ավանդների հատուցման երաշխավորվածությունը։ Ներկայումս գործող կարգի համաձայն՝ ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորվում են մինչև 95 տոկոս, եթե դրանք մինչև 2 միլիոն արտարժութային ավանդներ են (դրամին համարժեք) և 4 միլիոնի չափով դրամային ավանդներ։ Քննարկվող օրինագիծն առաջարկում է երաշխավորել նաև ավելի մեծ ավանդները՝ մինչև 5 միլիոն դրամ արտարժութային ավանդները ու միչև 10 մլն՝ դրամայինները։ Հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է, որ ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում օրինագծին, սակայն օրենքը կիսատ է։ Պատգամավորի խոսքով՝ չի կարելի տարբերություն դնել ֆիզիական և իրավաբանական անձանց ավանդների երաշխավորման կարգի միջև։

«ՀՀ֊ում ավանդների 70 տոկոսը ժողովուրդն է դնում, միայն 30 տոկոսը՝ ընկերությունները։ Երբ որ վարկ եք տալիս, 72 տոկոսը խոշորին եք տալիս, 28 տոկոսը՝ ժողովրդին, այսպես չի կարող շարունակվել։ Բանկային համակարգը մեծացնում է սոցիալալական լարվածությունը, և տնտեսությունը օրեցօր կենտրոնացվում է։ Երկրից դուրս եկող փողը հասել է տարեկան 600-650 միլիոն դոլարի», ֊ ասել է Բագրատյանը։

Նա նաև առաջարկել է օրենք ընդունել, որի համաձայն բոլոր ավանդները և վարկերը լինեն միմիայն դրամով։ Ըստ նրա՝ Կենտորնական բանկի հակափաստարկը, թե դրանով ռիսկերը կմեծանան, անտեղի է։

«Իրենց աշխատանքը ինչո՞ւմ է կայանում, որ պետությունը գնա պարտք վերցնի, դոլարը բերի, տա իրենց, իրենք էլ ծախեն, ասեն՝ կո՞ւրս ենք պահում։ Ուրիշ գործ չի անում այսօր մեր Կենտրոնական բանկը»,֊ ասել է Բագրատյանը։