Home / Հայաստան / Եզդիական համայնքը քաղաքապետին խնդրում է պարզաբանել՝ ինչու չի կատարում խոստումը

Եզդիական համայնքը քաղաքապետին խնդրում է պարզաբանել՝ ինչու չի կատարում խոստումը

Եզդիական հայայնքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ Երևանում Սարդարապատի ճակատամարտի եզդի հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց կանվանակոչվի, սակայն դա մինչ օրս չի արվել։ Այս հարցով «Սինջար» եզդիների ազգային միավորումը կրկին դիմել է Տարոն Մարգարյանին՝ հույս հայտնելով, որ Ջահանգիր աղայի անվամբ փողոցի անվանակոչման գործընթացը կապված չէ նրա ազգային պատկանելության հետ:

«Հարգելի՛ քաղաքապետ, 2012 թվականից եզդի համայնքը դիմել էր Ձեզ խնդրանքով, որպեսզի Երևան քաղաքում Սարդարապատի ճակատամարտի եզդի հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչվի: Այս տարիների ընթացքում հարցի առնչությամբ տարբեր զարգացումներ տեղի ունեցան. Ձեր աշխատակազմի խնդրանքով մենք ներկայացրինք պատմական փաստեր Ջահանգիր աղայի Սարդարապատի և Բաշ-Ապարանի նրա մասնակցության կարևորության մասին, ներկայացրինք Պատմության ինստիտուտից տեղեկանք Ջահանգիր աղայի պատմական դերակատարման մասին: Քաղաքապետարանում մեզ խնդրեցին ներկայացնել անվանում չունեցող փողոց, որի անվանակոչումը ավելի դյուրին պրոցես էր ենթադրում: Երկար սպասելուց հետո քաղաքապետարանից մենք ստացանք պատասխան, որ ավարտական աշխատանքներն են մնացել և հարցը կմտնի ավագանու օրակարգ: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսելիս հայտարարեցիք նաև Դուք և նշեցիք, որ մնացել է միայն փողոցի ընտրության հարցը: Ամիսներ անց, քաղաքապետարանում տեղի ունեցած մի հանդիպման ընթացքում Ձեր աշխատակիցները ներկայացրին, որ պրոցեսը դժվարանում է, քանի որ բարդ է փողոցի անվանափոխություն իրականացնել, որովհետև բնակիչների հետ կառաջանան դժվարություններ, որոնք քաղաքապետարանի համար անհաղթահարելի էին: Ինչ-որ տեղ ըմբռնումով մոտեցանք` հուսալով, որ որոշ ժամանակ անց խնդիրը կհարթվի: Որքան էլ, որ զարմանալի էր մեզ համար, արդեն երեք տարի Ջահանգիր աղայի անվան փողոցի հարցը չի լուծվում` Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնավորելով, թե դա բարդ պրոցես է, սակայն ի զարմանս մեզ այդ պրոցեսը բարդ չէ պատմական այլ դեմքերի անվամբ փողոցներ կոչելու համար»,֊ասված է բաց նամակի մեջ։

«Սինջար»֊ը հույս է հայտնել, որ մինչ Սարդարապատի ճակատամարտի այս տարվա տոնակատարությունները (կայանալու են մայիսի վերջին) քաղաքապետը բարձրացված հարցին լուծում կտա։ Հակառակ դեպքում կազմակերպությունը խնդրում է Մարգարյանին պարզաբանել, թե ինչի հետ է կապված խնդիրը և ինչու հնարավոր չէ նրա հրապարակային խոստման կատարումը: