Home / Տեսանյութեր / «Վերջը բամփեցի՞ք»․ Փաշինյանը վարչապետին հարցրել է Գագիկ Ծառուկյանի մասին

«Վերջը բամփեցի՞ք»․ Փաշինյանը վարչապետին հարցրել է Գագիկ Ծառուկյանի մասին

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս կատարել է իր խոստումը և, անսալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոչին, ամեն ինչ արել է՝ բացահայտելու ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում թույլ տված չարաշահումները։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀԿ խորհրդի նիստում քննադատության է ենթարկել այն ժամանակվա ԲՀԿ նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանին, մասնավորապես, ասելով․ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»։

Պատգամավորը հիշեցրել է, որ այդ ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը (նա Գագիկ Ծառուկյանի խնամին է) խոստացել էր ստուգումներ իրականացնել, իսկ «եթե որոշ մարդիկ մի քանի անգամ ասելուց չեն ընկալում, մի հատ էլ բամփել»։

«Արդեն երեք ամիս է անցել, օդում կախված լուրերը ի՞նչ եղան։ Ի վերջո բամփեցի՞ք»,֊ հարցրել է Փաշինյանը։

«Պարոն Փաշինյան, նախագահի հորդորից հետո եղել է վարչապետի հանձնարարականը Ֆինանսների նախարարությանը և [ներկայացվել է] մի շարք ձեռնարկությունների ցանկ, որպեսզի իրականացվի ստուգում։ Ֆինանսների նախարարը մեկ շաբաթ առաջ խոստացել է մինչև հունիսի 5-ը վերջնական տեղեկանք ներկայացնել այդ ստուգումների մասին»,֊ պատասխանել է Հովիկ Աբրահամյանը։

Ըստ վարչապետի՝ իր և Սերժ Սարգսյանի երկխոսությունը վերաբերել է բոլոր այն գործարարներին, ովքեր հարկերը շրջանցում են։

Փաշինյանի հարցին անդրադարձել է ԲՀԿ֊ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ կոչ անելով «Գագիկ Ծառուկյանի անունը բարձր ամբիոնում չշոշափել», և նրա անվան հաշվին «քաղաքական դիվիդենտներ չհավաքել»։