Home / Տեսանյութեր / Նաիրիտցիները կհավատան պաշտոնյայի խոստմանը, երբ սկսեն ըստ ժամանակացույցի գումար ստանալ

Նաիրիտցիները կհավատան պաշտոնյայի խոստմանը, երբ սկսեն ըստ ժամանակացույցի գումար ստանալ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այսօր նրանք նման պահանջով են հանդես եկել ՀՀ նախագահի նստավայրի մոտ կայացած հերթական բողոքի ակցիայի ժամանակ։ Նախագահականի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ հանդիպման ընթացքում նրանք հիշեցրել են, որ վարչապետը խոստացել էր իրենց հետ հանդիպել մայիսի վերջին։ 18-24 ամսվա չվճարված աշխատավարձերի համար պայքարող նաիրիտցիներն ակնկալում են, որ վարչապետն իրենց պարտքի մարման ժամանակացույց կներկայացնի։

«ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարել է, որ մինչև տարվա վերջ աշխատավարձը կմարվի: Մեզ համար հայտնի չէ՝ պարտքերը կմարեն դեկտեմբերին՝ ամբողջովին, թե ամեն ամիս երկու աշխատավարձ կտան: Մեզ պետք է հստակ ժամանակացույց տան», – ակցիայի ընթացքում հայտարարել է «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ մոտ 60 տարեկան մի տղամարդ, հայտարարել է, որ վարչապետի այդ հայտարարությունն իրենց 6-ամսյա պայքարի արդյունքն է:

Նա ընդգծել է, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իշխանության ներկայացուցիչների խոսքը գործի չի վերածվել, այդ իսկ պատճառով էլ ժամանակացույցի տրամադրումը կարևոր է. եթե նաիրիտցիները տեսնեն, որ պարտքի մարումը կատարվում է ըստ ժամանկացույցի, ապա կառավարության ղեկավարի խոսքը վստահելի կհամարեն։

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով մարել իրենց 18-24 ամսվա աշխատավարձի պարտքը։ Մայիսի կեսին նրանք այդ պահանջով երկօրյա նստացույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։

Երկրորդ պահանջը «Նաիրիտի» վերագործարկումն է։ Ակցիա անցկացնողները նշում են, որ այդ խնդիրը առաջնային կդարձնեն պարտքի ամբողջական մարումից հետո։