Home / Հայաստան / Փոխոստիկանապետը տաքսու վարորդներին առաջարկել է բարձրացնել ուղեվարձը

Փոխոստիկանապետը տաքսու վարորդներին առաջարկել է բարձրացնել ուղեվարձը

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը տաքսու վարորդների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է նրանց ֆինանսական խնդիրները լուծելու համար բարձրացնել ուղեվարձը:

«Կառաջարկեի, որ Երևանի Կենտրոնում ուղեվարձը լինի ոչ թե 600 դրամ, այլ 1500 դրամ: Դուք կտեսնեինք՝ ինչքան մարդ փողոցով կքայլեր, երթուղայինից կօգտվեր»,- ասել է փոխոստիկանապետը:

Նա հորդորել է, պետության պարտականություններից բացի, հիշել նաև, որ տաքսիստներն էլ ունեն պարտականություններ իրենց աշխատանքը պատշաճ կատարելու առումով:

«Նստում ես տաքսի, տեսնում ես չսափրված վարորդի, սիգարետը բերանին վարորդի, տեսնում ես միացրած մագնիտոֆոնը, որ չես ուզում լսել էդ երաժշտությունը»,- ասել է Հովհաննիսյանը:

Այսօր տաքսու վարորդները փոխոստիկանապետի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են տեխնիկական սարքերով գրանցված տուգանքների հարցը՝ նշելով, որ հաճախ են տուգանվում ուղևորներին իջեցնելիս կամ վերցնելիս։

Անդրադառնալով տաքսիստների՝ քաղաքում կայանատեղիներ չունենալուն վերաբերող խնդրին, Հովհաննիսյանն առաջարկել է հնարավոր կայանատեղիների ցուցակ ներկայացնել։

«Մենք կուսումնասիրենք ցուցակը, կհամադրենք մեզ մոտ եղած ցուցակի հետ: Եթե հնարավոր լինի նոր առաջարկներն իրագործել, ապա քաղաքապետի որոշումը կլինի, կայանատեղին կկահավորվի», ֊ ասել է նա։

Փոխոստիկանապետի խոսքով՝ ընդառաջելով տեսախցիկների՝ խախտումները գրանցելու և մեծ տուրքեր գանձելու հետ կապված տաքսիստների բողոքներին, ինքը հրահանգել է, որ 01.00-ից հետո կանգառներում կանգելու համար նրանց չտուգանեն: