Home / Հայաստան / Էլէներգիան Հայաստանից թանկ է միայն Մոլդովայում․ տնտեսագետ

Էլէներգիան Հայաստանից թանկ է միայն Մոլդովայում․ տնտեսագետ

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման հարցում բոլորի ուշադրությունը կենտրոնացած է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) վրա, սակայն ուշադրութուն պետք է դարձնել սակագնի բարձրացման հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ֊ի խնդիրը տեսանելի է և դրան մամուլը հաճախ է անդրադառնում, սակայն ոչ ոք չի խոսում հայտ ներկայացրած ընկերությունների մասին․ «Կարծես, նորմալ է, որ ընկերությունները ներկայացնեն իրենց առաջարկները, որի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հավանականությունը մեծանում է»։

Տնտեսագետը նշել է, որ խոսքը, առաջին հերթին, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (ԲԷՑ) ընկերության մասին է, որը զբաղվում է հոսանքը արտադրողներից մինչև ՀԷՑ տեղափոխելով (ԲԷՑ֊ն առաջարկում է 1 կիլովատի փոխադրման արժեքը 1.63֊ից դարձնել 2.44 դրամ ֊ խմբ․)։

Որքանով են էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները ցանկանում բարձրացնել մեկ կիլովատի սակագինը՝ այստեղ

«Ոնց որ Սովետական Միություն ենք վերադառնում։ Այնտեղ սակագինը հաշվարկելու ծախսային մեթոդիկա կար, որը նշանակում է՝ ինչ ծախս արվում է տարվա ընթացքում, դա համարվում է հիմք, և դրան ավելանում են այլ ծախսեր», ֊ ասել է Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ, տնտեսագետի խոսքով, խորհրդային տարիներին նաև հաշվարկվում էր քաղաքացիների գնողունակությունը․ «Եթե որոշում էին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել, բարձրացվում էր աշխատավարձը»։

Խաչատրյանն ընդգծել է՝ քանի որ Հայաստանն անցել է շուկայական տնտեսության, համապատասխանաբար՝ գինը պետք է ձևավորվի շուկայում։

«Սովորաբար ինչ են անում այսօրվա իշխանությունների ներկայացուցիչները։ Ասում են՝ գազը ամենաէժան գազն է, էլեկտրաէներգիան ամենաէժան էլեկտրաէներգիան է։ Բայց ո՞ւմ համեմատ։ Դանիայի, Շվեդիայի, Գերմանիայի համեմատ էժան է։ Բայց երբ փորձում ենք մեր գնողունակության հետ համեմատել, այսինքն՝ որքան կարող ենք գնել միջին աշխատավարձով, պարզվում է, որ մենք նախավերջին տեղում եք, մեզանից հետո միայն Մոլդովան է։ Միջին աշխատավարձով կարող եք գնել 3300 ԿՎ էլեկտրաէներգիա։ Մինչև վերջին թանկացումները 3700 էր», ֊ ասել է Վահագն Խաչատրյանը։

Նա նշել է նաև, որ երբ ընկերությունը սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացնում, պետք է բիզնես պլան ներկայացնի, մինչդեռ այսօր նման բան չկա։ Վերջին 3 տարվա փորձը ցույց է տալիս, որ որքան թանկանում է էլեկտրաէներգիան, այնքան ընկերության ֆինանսատնտեսական վիճակը վատանում է, քանի որ մարդիկ քիչ հոսանք են սկսում օգտագործել։

«Ի՞նչ է ուզում անել «Բարձրավոլտ էլեկտրացանցերը»։ Ուզում է աղքատ Հայաստանում ունենալ մի համակարգ, որտեղ 100 մլն պետք է ծախսվի իր աշխատողների պարտադիր ապահովագրության համար։ Աղքատ երկրում նման խնդիր դնել նշանակում է երկրի տնտեսական վիճակը քանդել», ֊ ասել է տնտեսագետը։