Home / Հայաստան / Ծեծել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուին․ «Փաստինֆո»

Ծեծել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուին․ «Փաստինֆո»

Մայիսի 31-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը (լուսանկարում՝ Գագիկ Ծառուկյանի հետ) դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Կայքի փոխանցմամբ՝ այդ տեղեկությունը հաստատել են Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ թեկնածուի տված հաղորդման հիման վրա արդեն իսկ պարզվել է նրան հարվածողի անձը: Դա Կարապետ Մկրտչյանն է: Ոստիկանությունում այս փաստով կատարվում է հետաքննություն:

Կայքի տեղեկություններով, վիճաբանության ընթացքում Կարապետ Մկրտչյանը հարվածներ է հասցրել Կարապետ Իսրայելյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իր հերթին Կարապետ Մկրտչյանը ոստիկանությանն ասել է, որ թեկնածուն վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն: 

Լուսանկարը՝ «Փաստինֆո»