Home / Հայաստան / Կինը պնդում է, որ ոստիկանն իրեն ստիպել է ամուսնու կողմից դանակահարվելու մասին հաղորդում տալ․ ՀՔԾ

Կինը պնդում է, որ ոստիկանն իրեն ստիպել է ամուսնու կողմից դանակահարվելու մասին հաղորդում տալ․ ՀՔԾ

Քաղաքացի Նունե Մ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը իրեն ծեծելով Գարեգին Նժդեհի հրապարակից նստեցրել է տաքսի, ճանապարհին ծեծել է, հայհոյել, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ գրպանից հանել է 20 հազար դրամ, ապա տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին, իսկ այնտեղ մեկ օր պահելուց հետո բաց է թողել: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն, Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանությունում իր տված հաղորդումը գրել է Շենգավիթի բաժնի օպերլիազորի թելադրանքով, դրանում նշված հանգամանքները սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Ինքը միայն հայտնել է ամուսնու կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին, մինչդեռ օպերլիազորը, ստիպելով ու խաբելով իրեն, ուղղորդել է հաղորդման մեջ շարադրել իրականությանը չհամապասխանող տեղեկություններ:

Քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: