Home / Տեսանյութեր / ՄԻԵԴ֊ին պատմել են ՔԿՀ֊ներում «ցածր կարգի» մարդկանց մասին․ վճիռը կարևոր կլինի Հայաստանի համար

ՄԻԵԴ֊ին պատմել են ՔԿՀ֊ներում «ցածր կարգի» մարդկանց մասին․ վճիռը կարևոր կլինի Հայաստանի համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է մի բողոք, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում կալանավորների միջև դասակարգային հիերարխիայի, անձի արժանապատվությունը նսեմացնող դրսևորումների պրակտիկային։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը՝ նկատելով, որ, թեև գործը վերաբերում է ՌԴ բանտերին, ապագա վճիռը կարևոր կլինի նաև Հայաստանի ՔԿՀ֊ների համար։

ՄԻԵԴ հայց բերած ՌԴ քաղաքացին նշել է, որ ինքը, քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով, չի հրաժարվել մի բաժակ թեյ խմել ՔԿՀ֊ում ավելի «ցածր կարգի» կալանավոր համարվող դատապարտյալի հետ, ինչից հետո ինքն էլ է դասվել այդ կարգին՝ ՔԿՀ֊ի «գողերի» կողմից։

Դիմումատուն հայցում պատմել է, որ ՔԿՀ֊ում «ցածր կարգի» մարդկանց ստիպում էին զուգարանները մաքրել, նրանք քնում էին ամենաանհարմար տեղերում, ճաշարանում առանձին սեղանի շուրջ էին նստում, նրանց արգելվում էր ընդհանուր ջեռոցներում իրենց ճաշը տաքացնել, նրանց ստիպում էին նաև սեռական ծառայություններ մատուցել մյուսներին։

«Հայաստանի կալանավայրերում էլ կան կալանավորների խմբեր, որոնք ապրում են նույն այդ գործում նկարագրված եղանակով։ Հայաստանից այս հարցով բողոք չի եղել, քանի որ կալանավորները խուսափում են այդ մասին բարձրաձայնել՝ կամ որովհետև դեռ կրում են պատիժը և վախենում են իրենց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի ահագնացումից, կամ արդեն դրսում են և հասարակության վերաբերմունքից են վախենում։ Թեև նման գործերով ՄԻԵԴ֊ն անուններ չի հրապարակում, որոշումներում այնուհանդերձ հայտնի է դառնում բողոքաբերի անունը»,֊ ասել է Գայանե Խաչատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ «գողական», անձի արժանապատվությունը նսեմացնող դրսևորումներից կալանավորներին պաշտպանելու ներպետական մեխանիզմները բացակայում են։