Home / Տեսանյութեր / Նախագահականի մոտից բերման ենթարկված Արա Պետրոսյանին բաց են թողել

Նախագահականի մոտից բերման ենթարկված Արա Պետրոսյանին բաց են թողել

Այսօր ՀՀ նախագահական նստավայրի մոտից բերման ենթարկված գեղանկարիչ Արա Պետրոսյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել, բացառությամբ իրեն բերման ենթարկելու փաստը արձանագրող թղթի։

Epress.am֊ի հետ զրույցում Պետրոսյանն ասել է, որ բաժնում ոստիկաններն իրեն տեղեկացրել են, թե վարչական ձերբակալության են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175֊րդ հոդվածի հատկանիշներով՝ հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում երևալը։ Պետրոսյանը հարցրել է՝ ինչպես պետք է ոստիկաններն ապացուցեն, թե ինքը սթափ չի եղել, ինչին ի պատասխան գեղանկարչին ցանկացել են փորձաքննության տանել, որից նա հրաժարվել է։

Բերման ենթարկվածը հրաժարվել է նաև բաժին եկած բժշկի մասնակցությամբ փորձաքննությանը մասնակցել՝ ընդգծելով, որ ինքը ոչ մի գործողություն չի իրականացնի առանց փաստաբանի։

Մեր զրուցակիցը նաև նշել է, որ իրեն չեն տուգանել՝ հունիսի 9-ին բաժին ներկայանալու մասին ծանուցագիր տալով, որն ինքը նույնպես հրաժարվել է ստորագրել։ Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ ծանուցագիրն իրեն կուղարկեն փոստով, իսկ հունիսի 9-ին Պետրոսյանին կհայտնեն կայացրած որոշման մասին։ Նշենք, որ 175-րդ հոդվածի դեպքում անձը տուգանվում է նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով։

Արա Պետրոսյանի հետ ՀՀ նախագահի նստավայրի մոտից ոստիկանական նույն մեքենայով բերման էր ենթարկվել նաև ինժեներ Վարդգես Գասպարին։ Պետրոսյանը պատմել է, որ Գասպարիին բաժին չեն հասցրել՝ ճանապարհի կեսին դուրս հանելով մեքենայից։

Քաղաքացիները ոստիկաններից պահանջում էին չփակել բանակում զոհված զինծառայողների ծնողների՝ դեպի ՀՀ նախագահի նստավայրի դարպասներ տանող ճանապարհը։ Ծնողներն ամիսներ շարունակ ամեն շաբաթ գալիս են նախագահականի մոտ՝ հանդիպում պահանջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նրանց խոսքով՝ իրավապահ և դատական մարմինները պատշաճ չեն քննել իրենց որդիների գործերը՝ թաքցնելով զինվորների մահվան իրական մեղավորներին։ 

Պետրոսյանին և Գասպարիին բերման ենթարկելը․