Home / Հայաստան / Բենզին ներարկողներին օգնում են ազատվել կախվածությունից․ Գյումրիում դիմողները շատ չեն

Բենզին ներարկողներին օգնում են ազատվել կախվածությունից․ Գյումրիում դիմողները շատ չեն

Գյումրիում վերջին տարինեին լայն տարածում է գտել բենզինի հիմքով ներարկային թմրանյութերի պատրաստումն ու օգտագործումը։ Այդ պրակտիկայի մասին գիտեն բոլորը, քաղաքի բնակիչներն ասում են, որ եթե երիտասարդները փողոցում անծանոթներից գումար են մուրում, ապա դա հենց թմրանյութ պատրաստելու համար է։ Այս իրավիճակը մեղմելու, կախվածություն ունեցողներին բժշկական օգնության հնարավորություն տրամադրելու համար Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն արդեն երկու տարի է՝ «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսավորմամբ մետադոնային բուժում է անցկացնում։ Ինչպես Epress.am-ին ասել է Կենտրոնի տնօրեն Աիդա Վարդանյանը, ծրագրին մինչ օրս դիմել է 37 գյումրեցի՝ հիմնականում միջին տարիքի, բոլորը՝ տղամարդիկ։

«Մենք մտածում էինք, որ չենք հասցնի սպասարկել, այնքան շատ դիմողներ կլինեն, բայց մարդիկ քիչ են դիմում։ Դա էլ իրավագիտակցության հարց է։ Գյումրիում մարդ մինչև մեր կլինիկա հասնի՝ հազար հոգի ծանոթ, հարևան է տեսնում։ Ընտանիքներն էլ չեն օգնում, չեն գիտակցում, որ մարդուն օգնություն է պետք, և հնարավոր է փրկել»,֊ ասել է Աիդա Վարդանյանը։

Բժշկի խոսքով՝ բենզինի հիմքով, տնային պայմաններում պատրաստված թմրանյութերը ամենավտանգավորներից են, քանի որ դրանք վնասում են պարենտերալ օրգանները՝ սիրտը, լյարդը, ուղեղը, հանգեցնում են մաշկի և ոսկորների փտախտի։

«Բենզինի հիմքով թմրանյութերը 10 անգամ ավելի արագ են կախվածություն առաջացնում։ Բենզինով թմրանյութ օգտագործողները առավելագույնը 3-5 տարվա կյանք ունեն»,֊ ասել է Աիդա Վարդանյանը։

Բժշկի խոսքով՝ մետադոնային ծրագիրը անհամեմատ ավելի լավն է, քան նախկինում կիրառվող՝ դետոքսիկացիոն բուժումը։

Դետոքսիկացիոն բուժմամբ մարդու օրգանիզմը մաքրվում է, սակայն կախվածությունը չի անցնում։ Մետադոնը, թեև թմրանյութ է և անընդհատ կիրառություն է պահանջում, սակայն այն պատրաստված է բժշկական պայմաններում։

«Բենզինից և սեդալգինից պատրաստված թմրանյութն ուղղակի անհամատելի է, այսպես ասած, էլիտար թմրանյութի հետ, քանի որ բենզինը ոչ միայն անհամատեղելի է օրգանիզմի հետ, այլև ինֆեկցիայի բուն է, քանի որ պատրաստվում է երբեմն կեղտոտ պայմաններում»,֊ասել է կենտրոնի տնօրենը։

Վարդանյանը նշել է նաև, որ ինքը դասընթացներ է անկացրել նաև տեղական բուժական հաստատությունների հետ, որպեսզի այնտեղ նման խնդիր ունեցող մարդկանց հայտնաբերելով՝ ոչ թե խաչ քաշեն այդ մարդկանց վրա, այլ նրանց ուղղորդեն մետադոնային բուժման։ Սակայն, բժշկի խոսքով, ինչպես հիվանդների ընտանիքները, այնպես էլ ոչ մասնագիտացած բժիշկներն առանձնապես տրամադրված չեն իրենց օգնելուն։