Home / Հայաստան / Կոռուպցիոն ռիսկեր․ ՔԿՀ֊ներում չեն ուզում պարզել՝ ինչպես են բջջայիները հայտնվում բանտում

Կոռուպցիոն ռիսկեր․ ՔԿՀ֊ներում չեն ուզում պարզել՝ ինչպես են բջջայիները հայտնվում բանտում

Հայաստանյան ՔՀԿ֊ներում դատապարտված և կալանավորված անձանց նկատմամբ տույժերի գերակշռող մասը (60.94%-ը) կիրառվում է արգելված բջջային հեռախոս պահելու համար։ Այս մասին ասված է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտորդներն ընդգծում են, որ բանտերում անձիք պատժվում են արգելված բջջային հեռախոս պահելու համար (նկատողությամբ, խիստ նկատողությամբ և պատժախուց տեղափոխվելու միջոցով մինչև 15 օր տևողությամբ), սակայն դատապարտյալների մոտ արգելված իրեր հայտնաբերելու արդյունքում քրեակատարողական հիմնարկներում ծառայողական քննություններ չեն իրականացվում՝ այդ իրերի ՔԿՀ մուտք գործելու հանգամանքները պարզելու նպատակով։ Եվ դա այն դեպքում, երբ ՔԿՀ արգելված իր բերելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն 100-500 հազար դրամի չափով, ինչպես նաև քրեական պատասխանատվություն:

Համաձայն Դիտորդական Խմբի կատարած հետազոտության 2014թ. հունվարի 1-ից մինչ 2014թ.դեկտեմբերի 31-ը ՔԿՀ֊ներում մարդկանց պատժել են 1576 բջջային հեռախոսների պահման համար, մինչդեռ Քրեակատարողական վարչությունում անցկացվել է ընդհամենը 7 ծառայողական քննություն, որի արդյունքում կալանավորվածների պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը խախտելու համար 7 ՔԿՀ ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի։

ՔԿՀ-ների ներսում նույն փաստերի կապակցությամբ ընդհանուր առմամբ կատարվել են 48 ծառայողական քննություններ, այսինքն՝ բջջային հեռախոսի պահման դեպքերի 3 տոկոսում միայն:

«Հայտնաբերված արգելված բջջային հեռախոսների համար տրված տույժերի և իրականացված ծառայողական քննությունները քանակը հիմք է տալիս պնդելու, որ և/կամ ՀՀ արդարադատության նախարարությունը, և/կամ Քրեակատարողական վարչությունը, և/կամ ՔԿՀ ղեկավարներն արգելված բջջային հեռախոս ՔԿՀ մտցնելու ուղղությամբ դրսևորել են անգործություն, որը հիմք է տալիս ենթադրելու կոռուպցիոն մեծ ռիսկերի հավանականության մասին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը նշյալի հիման վրա առաջարկում է քննարկել բջջային հեռախոսների օրինականացման հարցը։ Դիտորդական խումբն այժմ աշխատում է առաջարկությունների փաթեթի վրա», ֊ ասված է Խմբի հայտարարության մեջ։

Նշենք, որ ներկա պահին իրավապահ մարմիններն աղմկահարույց գործ են քննում՝ կապված «Հրազդան» ՔԿՀ բջջային հեռախոսների մեծ խմբականակի մուտքի հետ։ Մանրամասները՝ այստեղ։