Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորն անդունդի եզրին է. համոզված է՝ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ. «ՀԺ»

ՀՀԿ-ական պատգամավորն անդունդի եզրին է. համոզված է՝ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ. «ՀԺ»

ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իր իսկ բնորոշմամբ «գնում է անդունդ»: Այս մասին նա հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:

Թերթը նշում է, որ Աղաբաբյանը սնանկացման եզրին է հայտնվել նրանից հետո, երբ Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել պատգամավորին պատկանող «Հրազդան» տոնավաճառում, ինչի արդյունքում հայտնաբերել է խախտումներ, Աղաբաբյանին տուգանել է 60 միլիոն դրամով և «Հրազդանի» հաշիվները կալանքի տակ առել: Աղաբաբյանը բողոքարկում է որոշումը դատական կարգով: Չնայած Ֆիննախն արձանագրել է, որ տոնավաճառում ավտոկանգառների համար նախատեսված տեղերում Աղաբաբյանը վաճառատեղեր է բաշխել, պատգամավորը «ՀԺ»-ի հետ զրույցում պնդել է, թե դա այդպես չէ:

Աղաբաբյանը նշել է նաև, թե իր խնդիրների պատճառը միայն 60 միլիոն դրամի գանձումը չէ:

«Բանկերում էլ ենք պարտք 3 միլիոն դոլարի: 2008 թվականին մենք դա վերցրել էինք բավական մեծ տոկոսով, որպեսզի Հայաստան-Թուրքիա 2009 թվի խաղի համար «Հրազդան» ստադիոնը վերակառուցենք, ու մինչև հիմա չենք կարողանում փակել: Կարող էինք փակել, եթե տոնավաճառը աշխատեր, բայց էնտեղ էլ գործերը լավ չեն», – նշել է գործարար պատգամավորը:

Լրագրողը հարցրել է՝ արդյոք Աղաբաբյանի սնանկացմանը նպաստել է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով բացել է «Առինջ մոլը» ու «Հրազդան» տոնավաճառից արտահոսք է եղել:

Պատգամավորի խոսքով՝ դա ահավոր ազդել է, բայց ինքը գնացողներին չի մեղադրում:

«Եթե անվճար տարածք են տալիս, ո՞նց չգնաս, բայց ես չեմ էլ կարծում, որ դա անվճար կլինի, որովհետև անվճար էս երկրում ո՞վ է  աշխատում: Մարդիկ խաբվեցին, գնացին, ինչ ասեմ՝ ճակատագիր ա», – նշել է Աղաբաբյանը:

Նա արձանագրել է, որ տոնավաճառում նախկին 500 տաղավարից 70-ն են մնացել՝ նշելով, որ չունի այն հարցի պատասխանը, թե ինչու իշխանություններն իր հետ այդպես վարվեցին: Այնուամենայնիվ, Աշոտ Աղաբաբյանը չի պատրաստվում լքել իշխող ՀՀԿ-ի շարքերը, քանի որ այդ կուսակցության հիմնադիրներից է և կարծում է, որ ՀՀԿ-ի առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր հետ կատարվածի մասին տեղյակ չէ:

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն, ԱԺ պատգամավորներին արգելված է ձեռներեցությամբ զբաղվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում