«Հայկական ավիաուղիներ» ընկերության 2002 թվականին գրանցված սնանկության պատճառով այնտեղ աշխատող օդաչուները աշխատավարձ չեն ստացել, տարիներ շարունակ նրանց բողոքի ակցիաները մնում են անպատասխան ՀՀ կառավարության կողմից։ Այս հարցը այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ ՄԻՊ գրասենյակը համարել է, որ տվյալ դեպքում մարդու իրավունքների խախտում է գրանցվել։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի պատասխանել՝ ինչ ժամկետում է փակվելու աշխատողների պարտքը՝ ասելով. «Օդաչուների խնդիրը մեզ էլ է հուզում»։
Պաշտոնյայի խոսքով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ ընկերության աշխատակիցների աշխատավարձը պետք է մարվի գյուքի վաճառքի հաշվին, ինչը «Հայկական ավիաուղիների» դեպքում չի արվում, քանի որ գույքը գնող չկա։
Հարությունյանը նշել է նաև, որ վարչապետը հանձնարարել էր գտնել այլ հնարավոր ուղիներ, մեկը՝ Սևանում երկու ամառային ավան կառուցման ներդրումային ծրագիրն է։
«Այդ ծրագրերից մեկն էր՝ գտնել ներդրողներ, և գումարը ուղղել օդաչուներին։ Կառավարությունը լուրջ ռեսուրսներ է ծախսել այդ ծրագրի վրա, արված է իրավական մեխանիզմը։ Կառավարությունը կյանքի է կոչել շինարարությունը։ Ցավով եմ նշում, որ մեզ չհաջողվեց գնտնել ներդրողներ, բայց մենք չենք պատրաստվում փոշիացնել այդ հնարավորությունը»,֊ -ասել է նա։