Home / Հայաստան / Գևորգ Կոստանյանի մտերիմին հեռացրել են կոռուպցիոն բացահայտման պատճառո՞վ․ «Հրապարակ»

Գևորգ Կոստանյանի մտերիմին հեռացրել են կոռուպցիոն բացահայտման պատճառո՞վ․ «Հրապարակ»

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունն անսպասելի էր ոչ միայն իրավապահ շրջանակների համար, այլև բոլորի, ով քիչ թե շատ ծանոթ էր դատախազության անցուդարձին, գրում է «Հրապարակը»։

Ըստ թերթի՝ Տիգրան Խեչոյանի հետ Գևորգ Կոստանյանը մտերիմ է դեռևս ուսումնառության տարիներից։ Դատախազությունում նա գլխավոր դատախազի աջ ձեռքն էր, իսկ աշխատանքից դուրս՝ մտերիմ ընկերը։

«Ո՞րն է Տիգրան Խեչոյանի ազատման պատճառը» հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանն ասել է, որ նա ազատման դիմում է գրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Մյուս կողմից, կուլուարներում արդեն տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ Տիգրան Խեչոյանի անակնկալ հեռացումը դատախազական համակարգից լուրջ կոռուպցիոն բացահայտումների հետ է կապված, և այդ բացահայտումներով զբաղվում են Հայաստանի հատուկ ծառայությունները։

Մեծ գումարներ են նշվում, մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող, որոնք վերցվել են «գործ անելու համար», սակայն հարցերի լուծումն ուշացել է, «քցվածներն» էլ նախ դիմել են «գողականներին»՝ գումարները հետ ստանալու համար, ապա՝ իրավապահներին։

Դատախազությունն այս լուրերը որևէ կերպ չի մեկնաբանում։

«Գլխավոր դատախազի խոսնակն ընդամենը հայտնեց, որ եթե քրեական գործ հարուցված լիներ, ապա իրենք այս մասին, անշուշտ, տեղյակ կլինեին։ Իսկ Տիգրան Խեչոյանի գոլդ համարներն անհասանելի էին ողջ օրվա ընթացքում, ինչը նման տեղեկությունների կայծակնային արագությամբ տարածման պարագայում զարմանալի չէ»,֊ գրում է թերթը։

Լուսանկարը՝ «ԱրմՆյուզ»-ի