Home / Հայաստան / Կապուտանում ստորագրահավաք են սկսել երկաթի հանքի շահագործման դեմ

Կապուտանում ստորագրահավաք են սկսել երկաթի հանքի շահագործման դեմ

Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչները ստորագրահավաք են սկսել Աբովյանի երկաթահանքի շահագործման դեմ: Այս մասին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ֊ին ասել է «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։ Նրա խոսքով՝ արդեն հավաքվել է 300 ստորագրություն:

Գալստյանն ասել է, որ հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «Սփայս Սթիլ» ՍՊԸ-ի բաժնետերերն են ՀՀԿ֊ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի որդին և ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

«Էկոլուրն» ընդգծում է, որ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանի համաձայն` Աբովյանի երկաթահանքի շահագործումը սպառնում է թունավորել խմելու ջրերը:

«Աբովյանում հանքը գտնվում է ջրերի տակ: Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- ավելի վաղ ասել էր Յադոյանը:

ՀԿ֊ն հիշեցնում է, որ 2011 թվականին հայտարարվել էր, որ ինչպես Աբովյանի երկաթահանքի, այնպես էլ Հրազդանի և Սվարանցի երկաթահանքերի կոնցեսիոն շահագործման իրավունքը ձեռք է բերել չինական «Fortune Oil» ընկերությունը: Հարցազրույցներից մեկում Այվազյանը հաստատել էր, որ իր որդին, մասնավորապես, Հրազդանի ոսկու հանքում «ունի 20 տոկոս»։