Home / Հայաստան / Այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

Այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

Այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի: Այս մասին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ֊ի հետ զրույցում ասել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր: Ջրառի այս չափաքանակը գործադիրը հաստատել էր ապրիլին: ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջարկել էր ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 170-ի փոխարեն սահմանափակվել Սևանից 155 միլիոն խմ ջուր բաց թողնելով, սակայն առաջարկը մերժվել էր:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի` այս տարի ջրամբարների լցվածությունը ավելի բարձր է, քան նախորդ տարի:

«Բացի Ապարանի ջրամբարից մեր բոլոր ջրամբարների լցվածությունը 80-90 տոկոս է», – Դիլիջանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր Հարությունյանը:

Նշենք, որ նախորդ տարի Սևանա լճից 270 միլիոն խմ ջուր էին բաց թսղել։ Կառավարության նման որոշումն առաջացրել էր բնապահպանների և փորձագետների դժգոհությունը։