Home / Հայաստան / Հետապնդվող ադրբեջանցի լրագրողին թույլ են տվել լքել երկիրը

Հետապնդվող ադրբեջանցի լրագրողին թույլ են տվել լքել երկիրը

Լրագրող և իրավապաշտպան, Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովին, ով վերջին 10 ամիսն անցկացրել է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը, հունիսի 13-ի վաղ առավոտյան հաջողվել է լքել Ադրբեջանը։ Ինչպես հայտնում է Contact.az-ը, հղում կատարելով Zurder Zeitung շվեյցարական թերթին, Հուսեյնովին ուղեկցել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը, ով այս պայմանով էր ժամանել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը։

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Հուսեյնովի ազատ արձակմանը նախորդել են երկար բանակցություններ Ադրբեջանի իշխանությունների հետ․ Բուրկհալթերն անձամբ է բանակցել երկրի ղեկավարի հետ։

Հուսեյնովի գտնվելու վայրի մասին հայտնի էր դարձել «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի հայտարարությունից, որում ասված է՝ 2015 թվականի փետրվարի 11֊ին շվեյցարական SRF հեռուստաալիքի «Rundschau» ծրագրի եթերում հաղորդվել է, որ Հուսեյնովը 2014 թվականի օգոստոսից ապրում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը։

Հուսեյնովին մուտքի արտոնագիր են տրամադրել մինչև սեպտեմբեր, ինչից հետո նա պետք է ապաստան խնդրելու վերաբերյալ որոշում կայացնի։

Լրագրողին սպառնում են այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք առաջադրվել են ձերբակալված իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին ու Լեյլա Յունուսին՝ հարկերից խուսափում, ապօրինի ձեռներեցություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Հուսեյնովի ու նրա կազմակերպության հետ կապված դեպքն Ադրբեջանում միակը չէ։ 2014 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովան։ 2014 թվականի սեպտեմբերին, ամերիկյան IREX կազմակերպության ադրբեջանական գրասենյակում անցկացվել է խուզարկություն, առգրավվել են փաստաթղթերն ու բոլոր էլեկտրոնային կրիչները։

Նշենք՝ 2014 թվականի նոյեմբերի 10֊ին Բաքվի օդանավակայանից բերման էր ենթարկվել Հուսեյնովի եղբայրը՝ Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի մեկ այլ աշխատակից Մեհման Հուսեյնովը։ Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։