Home / Հայաստան / Հայաստանցի աշակերտները Բաքու չեն մեկնի․ Աշոտյանը դիմելու է միջազգային կառույցներին

Հայաստանցի աշակերտները Բաքու չեն մեկնի․ Աշոտյանը դիմելու է միջազգային կառույցներին

Հայաստանցի աշակերտները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք դպրոցականների Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ թիմն անվտանգության պետական երաշխիքներ չի ստացել։ Այս մասին ասված է Կրթության և գիտության նախարարության հայտարարության մեջ, որն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Հայաստանի մասնակցության որոշման իրականացումը հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, սակայն պաշտոնական Բաքուն մինչև միջազգային օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը՝ հունիսի 15-ը, այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմն անվտանգության պետական երաշխիքներ չստացավ», ֊ ասված է հայտարարության մեջ:

Աշոտյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս կազմակերպել է միջազգային միջոցառումներ` հրավիրելով նաև ադրբեջանական կողմին և վերջինիս տալով պետական անվտանգության երաշխիքներ:

«Դրա վառ օրինակներն են վերջերս Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը, որին հրավիրվել էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը, ինչպես նաև 2012 թվականին Արևելյան գործընկերության շրջանակում նախարարական ոչ ֆորմալ հանդիպումը, որին մասնակցել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը: Մեզ մնում է միայն տարակուսանք հայտնել, երբ չի ապահովվում դպրոցական երեխաների անվտանգությունը: Մեզ հասած ստույգ տեղեկություններով` Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի հավաքականի` քիմիայի օլիմպիադային մասնակցության հարցի քննարկումը պաշտոնապես շաղկապում է Եվրոպական օլիմպիական խաղերի ավարտի հետ: Ինչպես են այդ երկու միջոցառումները շաղկապվում, չեմ կարող պատկերացնել: Վստահ եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի մեր հայտարարությանը»,- ասել է Աշոտյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ պատրաստվում է նամակով և կից հայտարարությամբ դիմել միջազգային կառույցներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ԵԽ-ին և Եվրահանձնաժողովին, որպեսզի վերջիններիս տեղեկացնի Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին` նրանց կոչ անելով կրթագիտական միջազգային ֆորումներ և օլիմպիադաներ Բաքվում այլևս չկազմակերպել, քանի որ դրա հետևանքով Հայաստանի ներկայացուցիչները զրկվում են դրանց մասնակցելու հնարավորությունից: