Home / Հայաստան / ՀՀ դատախազությանը Նովիկովի սպանության գործը ՌԴ֊ին փոխանցելու խնդրանքով չեն դիմել․ «ՀԺ»

ՀՀ դատախազությանը Նովիկովի սպանության գործը ՌԴ֊ին փոխանցելու խնդրանքով չեն դիմել․ «ՀԺ»

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործը կքննեն Ռուսաստանում։ Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի իրավապահ մարմինների անանուն աղբյուրը։ Աղբյուրը պարզաբանել է, որ նման որոշում կայացվել է այն բանի հետ կապված, որ թե՛ սպանվածը, թե՛ սպանության մեջ կասկածվողը ռուսական բանակի զինծառայողներ են։

Հունիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից հետաքրքրվել է՝ արդյոք ռուսական կողմը դիմե՞լ է հայ իրավապահներին սպանության գործը հանձնելու խնդրանքով։ Ի պատասխան դատախազն ասել է, որ ռուսական կողմից գործը փոխանցելու վերաբերյալ որևէ պահանջ, դիմում չի ներկայացվել։ Ասլանյանի խոսքով՝ հայ իրավապահները շարունակում են զինծառայողի սպանության գործի նախաքննությունը։ «ՀԺ»-ի հարցին, թե հայկական կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել և արդյո՞ք մեր գործով կասկածյալներ կան, թե ոչ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանել է, որ դատավարական նման կարգավիճակ ունեցող անձ չկա։

Ռուսաստանցի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովին սպանված էին գտել հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ։ Նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է Նովիկովի ծառայակիցը՝ 21-ամյա Իվան Բոսխոմջիևը։ Կասկածյալն ընդունել է սպանության մեղադրանքը և նախաքննական մարմիններին բացատրել, որ սպանության պատճառ է հանդիսացել անձնական հակակրանքը։ Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ սպանվածի դին գտնվում է հայկական կողմում։