Home / Հայաստան / ՀՔԾ֊ն կորոշի՝ արդյոք ՀՀԿ֊ական պատգամավորի դեմ պետք է քրգործ հարուցել․ «Ժողովուրդ»

ՀՔԾ֊ն կորոշի՝ արդյոք ՀՀԿ֊ական պատգամավորի դեմ պետք է քրգործ հարուցել․ «Ժողովուրդ»

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այժմ համապատասխան որոշումը կընդունի ՀՔԾ֊ն։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից:

Առաքել Մովսիսյանը, խոսելով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվություն տարածողների մասին, հայտարարել էր․ «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»։

Այդ հայտարարությունից հետո իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Առաքել Մովսիսյանի դեմ։