Home / Տեսանյութեր / Ոստիկաններն ու բժիշկը սևազգեստ մայրերի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկաններն ու բժիշկը սևազգեստ մայրերի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 18-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ոստիկանության աշխատակիցները հերթական անգամ հրել, հարվածել և քաշքշել են բանակում զոհված զինծառայողների ծնողներին, ինչպես նաև նրանց սատարող քաղաքացիներին։

Ինչպես և նախորդ շաբաթ, այսօր էլ ոստիկանության աշխատակիցները փակել էին սևազգեստ մայրերի՝ դեպի նախագահականի դարպասը տանող ճանապարհը։ Մոտ մեկ ժամ ոստիկանները հրաժարվում էին կատարել մայրերի՝ Գոհար Սարգսյանի, Իրինա Ղազարյանի, Հերիքնազ Մուրադյանի՝ ճանապարհը բացելու պահանջը, որից հետո վերջիններս անցան Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս՝ փորձելով շրջանցել մայթին կառուցած մարդկային պատնեշը։

Ոստիկանները փորձել են հեռացնել ծնողներին և նրանց աջակիցներին երթևեկելի մասից՝ այդ ընթացքում հրելով ու քաշքշելով Իրինա Ղազարյանին։ Սևազգեստ մայրերին սատարող ինժեներ Վարդգես Գասպարին պահանջել է ձեռքով չդիպչել Ղազարյանին, սակայն ոստիկանները շարունակել են շղթա կազմած առաջ գնալ, Գասպարին, ի նշան բողոքի, գետնին է պառկել, որից հետո 6 ոստիկաններ, ոտքերից ու ձեռքերից կոպտորեն քաշելով, նրան տարել են դեպի նախագահականի դիմացի մայթ՝ ընթացքում կոտրելով Գասպարիի ակնոցները։

Կանայք արդեն հասցրել էին մոտենալ նախագահական նստավայրի դարպասի մոտ։ Ոստիկաններից մեկը, տեսնելով, որ նկարահանող սարքերով բոլոր լրագրողները գնացել են զոհվածների ծնողների հետևից, գետնին տապալեց Գասպարիի միացած գեղանկարիչ Արա Պետրոսյանին։

Ոստիկանները հավաքվածներին թույլ տվեցին նախագահականի դարպասների մոտ կանգնել ընդամենը 10 րոպե, ապա կրկին շղթա կազմեցին և մայրերին, նրանց սատարողներին, իրավապաշտպաններին և լրագրողներին սկսեցին հրել դեպի փողոցի ներքևի հատված: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը գլխից քաշել ու հարվածել է Արա Պետրոսյանին, ապա նրան ձեռքերը ոլորած հեռացրել են նախագահականի մուտքի դիմացից։

Նախագահական նստավայրի դարպասի մոտ թույլ տվեցին մնալ միայն Իրինա Ղազարյանին, ում ինքնազգացողությունը վատացել էր։ Քիչ անց, հաղթահարելով ոստիկանների պատնեշը, Ղազարյանին է մոտեցել իրավապաշտպան Միքայել Դանիելյանը և նրան դեղահաբ տվել, ապա կնոջը մոտեցել են նաև Գոհար Սարգսյանն ու Հերիքնազ Մուրադյանը։

Ղազարյանին տեղափոխել են դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենա։ Մի քանի րոպե անց մեքենայից վիճաբանության ձայներ են լսվել, ապա մեքենայից դուրս եկած բժիշկը հայտարարել է, թե կինը «հիստերիկանում է»։ Այդ արտահայտությունը զայրացրել է ներկաներին, ովքեր սկսել են նախատել բժշկին։ Վերջինս ասել է, թե «որ ես բարկանամ, շատ եմ բարկանում», ինչը հունից հանել է մայրերին սատարողներին, ովքեր բժշկից պահանջել են իրեն կարգի հրավիրել։ Շտապ օգնության բժիշկը քիչ անց նստել է մեքենան և հեռացել է, որից հետո երկրորդ մեքենան են կանչել։ Իրինա Ղազարյանը հետագայում լրագրողների հետ զրույցում մեջբերել է բժշկի՝ իր հասցեին արված արտահայտությունը․ «Սերժի վրա չես կարում, իմ վրա ես մուննաթդ թափում»։

Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված ծնողների պահանջը նույնն է մնում՝ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և իրենց որդիների մահվան դեպքերի արդար քննություն։