Home / Տեսանյութեր / Էլէներգիայի գինն աճելու է, քանի դեռ չի բարձրացվում արդյունավետ կառավարման խնդիրը

Էլէներգիայի գինն աճելու է, քանի դեռ չի բարձրացվում արդյունավետ կառավարման խնդիրը

Արդյոք ՀՀ իշխանությունը բարձրացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արդյունավետ կառավարման խնդիրը։ Այս հարցն է կարևոր հասկանալու համար՝ ինչու և դեռ ինչքան է բարձրանալու էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը:

«2001 թվականից է գալիս էդ պատմությունը, թե ինչպես սեփանակաշնորհվեց ՀԷՑ-ը: Մի աբսուրդ բան ասեմ. ՀԷՑ-ի սեփականաշնորհման մրցույթում ընկերությունը գնելով հետաքրքրվել էին, օրինակ, EDF աշխարհահռչակ ֆրանսիական կազմակերպությունը, որի տարեկան շրջանառությունը Հայաստանի մի երեսուն տարվա բյուջեի չափ է, ու Midland Resources ընկերությունը՝ 130 միլիոն դոլար տարեկան շրջանառությամբ» ֊ նշել է բանախոսը:

Վերջինս ընդգծել է, որ 2002֊ին իշխանությունները ՀԷՑ֊ը վաճառեցին օֆշորում գրանցված Midland Resources֊ին, որը միջանկյալ օղակ էր, որը հետագայում իր բաժնեմասի 100 տոկոսը վաճառեց ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»֊ին։

«Այսինքն՝ իշխանությունը դրե՞լ է ՀԷՑ-ն արդյունավետ կառավարիչի հանձնելու հարցը, թե ոչ: Ակնհայտ է, որ ոչ: Քանի որ ՀԷՑ-ն արդյունավետ չի, անընդհատ ունենալու ենք սակագինը բարձրացնելու հարց», – ասել է Գևորգյանը:

Լրագրողի խոսքով՝ ՀԷՑ-ն ունի տարեկան 0.5 միլիարդ դոլարի հասույթ, դրանից 12 տոկոսը կորում է՝ 60 միլիոն դոլար։ ՀԷՑ֊ի պարագայում տեխնիկական կորուստները կազմում են 3-5 տոկոս, իսկ մնացածը, ըստ Գևորգյանի, ընկերության ղեկավարների կերակրատաշտն է: