Home / Հայաստան / Հոսանքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Գյումրիում և Վանաձորում

Հոսանքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Գյումրիում և Վանաձորում

Հունիսի 19-ին, երևանյան ակցիայից բացի, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Գյումերիում և Վանաձորում։

Գյումրիի բողոքի ակցիան բազմամարդ էր։ «Վառիք թողիք», «Ոչ թալանին», «Ձեռքերդ հեռու մեր գրպանից», «Աչքերս լույս» գրառումներով պաստառներով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները երթ են անցկացրել Գյումրիի փողոցներով։

Ակցիայի մասնակիցները հավաքվել են Թատերական հրապարակում, որտեղ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն հայտարարել են, որ չեն պատրաստվում վճարել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքերի համար և եթե սակագնի թանկացման մասին որոշումը չկասեցվի, ապա իրենք կդնեն կառավարության հրաժարականի հարցը: Երթը շարժվել է դեպի մարզպետարան, որտեղ քաղաքացիները որոշել են նստացույց սկսել: Ոստիկանները, սակայն, ասել են, որ նստացույցն արտոնված չէ: Խորհրդակցելով՝ քաղաքացիները որոշել են կրկին հավաքվել այսօր՝ 18.00-ին: Հետագա քայլերի մասին գյումրեցիները որոշում կկայացնեն նաև երևանյան ակցիայից տեղեկություններ ստանալուց հետո:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Վանաձորի Արցախի պուրակում:

Լուսանկարը՝ Asparez.am