Home / Հայաստան / Բաղրամյան պողոտայում հավաքվածներն առայժմ դիմադրում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մտքին

Բաղրամյան պողոտայում հավաքվածներն առայժմ դիմադրում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մտքին

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների փոքր խումբ   23։00-ին մոտ քննարկումներ անցկացրեց և հայտարարեց, որ պատրաստ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում անցկացնել, որը 3 ԶԼՄ֊ներ կհեռարձակեն ուղիղ եթերում։

Ցուցարարներից մի քանիսը չեն համաձայնել այդ որոշման հետ, և Բաղրամյան պողոտայում քննարկումը շարունակվել է մոտ 10 հոգու միջև։ 

Առաջարկին կողմ մի քանի երիտասարդներ հայտարարել են, որ գնալու դեպքում հավանականություն կա, որ էլէներգիայի սակագինը կիջնի՝ դրանով իսկ կբավարարվեն ցուցարարների պահանջները։ 

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման դեմ արտահայտվողները նշել են, որ Սերժ Սարգսյանը պարզապես ցանկանում է դիվիդենտներ շահել հանդիպումից և կրկնել Մաշտոցի պուրակի պատմությունը, երբ նա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կարգադրեց քանդել պուրակում կառուցվող տաղավարները՝ ասելով․ «Տարոն, սիրուն չի»։

Այդ կարծիքին հակադրվողները նշում էին, որ իրենց նպատակը էլէներգիայի սակագնի նվազումն է, և կարևոր չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ 

Առջևի շարքում կանգնածներից մեկն առաջարկվել է տեղ ազատել, որպեսզի «նախաձեռնող խմբի անդամները դիմեն հավաքվածներին»։ Դա լսելով՝ կանանցից մեկը հայտարարել է, որ «այստեսղ բոլորն էլ նախաձեռնող են» ու նախաձեռնող խումբ լինել չի կարող։ 

Մի քանի երիտասարդներ շարունակել են պնդել, որ իրենք հանդիպելու են Սերժ Սարգսյանի հետ։ Չնայած դրան, հավաքվածներից շատերը դեմ են այդ գաղափարին, և առայժմ այն առկախված է մնում։

Հիշեցնենք, որ երեկ էլ այդ առաջարկը բարձրացվել է, ու մերժվել է հավաքվածների կողմից։