Գլխավոր / Հայաստան / «Փիղ չսարքենք»․ Մարգինալ բողոք՝ տրանսպորտային փակուղի Հայաստանում

«Փիղ չսարքենք»․ Մարգինալ բողոք՝ տրանսպորտային փակուղի Հայաստանում

«Ինչու Էլեկտրամայդանը Եվրամայդան չէ»

Հեղինակ՝ Իգոր Սեմիվոլոս, Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, հոդվածը տպագրվել է tsn.ua կյաքում

Պետք չէ գերագնահատել բողոքի ցույցերը Հայաստանում․ դրանք դեռևս միայն պահանջում են չբարձրացնել էլէներգիայի գները։ Եվ ոչինչ ավելին։ Հիրավի փոքր հայաստանյան ցույցերը իսկապես մեծ իրարանցում առաջացրին։ Արդեն գրեթե խոսում են երկրի՝ Ռուսաստանի հովանավորչության տակից դուրս գալու մասին ու վարկածներ հնչեցնում, թե ինչ է այդ դեպքում անելու Պուտինը։

Իրականում հարցն այն չէ՝ արդյոք Ռուսաստանը Հայաստանի բաց կթողնի, թե՝ ոչ, այլն նրանում՝ արդյոք Հայաստանը, հատկապես երկրի ներկայիս վերնախավը, կցանկանա կորցնել իր արբանյակի կարգավիճակը։ Իրավիճակը Հայաստանում մեր պատկերացրածի պես գծային չէ։

Այո, Երևանում ու այլ քաղաքներում բողոքի ցույցերը կարող են որոշ չափով ապակայունացնել իրավիճակը, սակայն դրանք դեռևս բարդ է համեմատել ուկրաինական Եվրամայդանի հետ։ Նույն Հայաստանում 80֊90֊ական թվականներին շատ ավելի զանգվածային բողոքներ էին անցկացվում, որոնց մասնակցում էին բնակչության առավել լայն խմբեր․ խոսքս վերաբերում է ազգային֊ազատագրական բողոքներին, ղարաբաղյան հակամարտությանը, և այլն։ Իսկ այսօր տեղի ունեցողը, համենայնդեպս՝ առայժմ, բավականին մարգինալ բողոք է, թեև՝ առաջին հայացքից բավական զանգվածային է թվում։

Չի կարելի հերքել, որ Հայաստանում բարդ տնտեսական իրավիճակ է, շարունակվում է ժողովրդի աղքատացումը, ու մարդիկ ունեն բողոքի մի շարք պատճառներ։ Բայց դա բացառապես կոմունալ դիմադրություն է՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի։ Եթե ցուցարարներին հարցման ենթարկեք, նրանց ճնշող մեծամասնությունը դժվար թե կարողանա հստակ ձևակերպել՝ կոնկրետ ինչի դեմ է բողոքում, կամ կասի՝ էլէներգիայի գների պատճառով։ Կկարողանան, սակայն, հստակ արտահայտել իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ նրանք այդ երկրին աջակցում են։ Այսինքն, հայերի մեծամասնությունը դեռևս անգամ չի գիտակցել պատճառահետևանքային կապն էլէներգիայի թանկացման ու այն փաստի միջև, որ երկրի բոլոր էներգետիկ ընկերությունները կառավարվում են Ռուսաստանի կողմից։ Հետևաբար, կարելի էր ենթադրել, որ անուղղակիորեն ցույցերը Ռուսաստանի դեմ են, սակայն այս պահին դա այդպես չէ։

Տնտեսական ճգնաժամը, Հայաստանի բնակչության աղքատությունը, սակայն, մեդալի միայն մի կողմն է։ Մյուսն այն է, որ Հայաստանը, պայմանականորեն ասած, տրանսպորային փակուղի է։ Իսկ տրանսպորային փակուղիները չեն զարգանում։ Այդ իսկ պատճառով, Հայաստանն ունի երկու տարբերակ․ կամ մնալ կախված Ռուսաստանից, կամ՝ բացել սահմանը Թուրքիայի հետ ու դառնալ տարանցիկ տարածք։ Թուրքիան, ի դեպ, դրանում շահագրգռված է, քանի որ ցանկանում է զարգացնել իր՝ Հայաստանի հետ սահմանամերձ շրջանները, որոնք, հետևաբար, նույնպես փակուղային են։ Ու դա իրական ելք է։ Կարելի է տեսնել՝ սահմանները բացելուց հետո որքան արագ զարգացավ Բաթումին ու Վրաստանի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ մյուս տարածքները։

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխող վերնախավը, որն իշխանության գլխին գտնվում է ավելի քան 20 տարի, մեծապես կազմված է Ղարաբաղի հայերից։ Գոյություն ունեն Պյուռոսյան հաղթանակներ, և Հայաստանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում հենց այդպիսինն է։ Այն ոչնչացրել է երկրում գրեթե ողջ եվրոպամետ քաղաքական մշակույթը։ Քանի որ ղարաբաղցիները թույլ պատկերացում ունեն եվրոպական հեռանկարների մասին, բայց լավ հիշում են հակամարտությունում «բարեկամական» Ռուսաստանի «աջակցության» մասին։ Այդ հաղթանակը փակել է Հայաստանի եվրոպական զարգացման բոլոր ուղիները։

Ընդհանրապես, Հայաստանի պատմությունը խորովածի պես շամփուրված է․ ազգային շարժումը, որը հիմնականում նախաձեռնվել էր այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության ժամանակ, թուրքական հարցի վրա, թուրքական հարցը՝ Արևմտյան Հայաստանի խնդրի վրա։ Այսինքն, դրանք պատմական հիշողության շերտեր են, ու դրանցում կան սահմաններ, որոնք հայերն ի վիճակի չեն անցնել։ Նրանք սահմանափակ են աշխարհի մասին իրենց պատկերացումներում։ Այդ սահմաններից դուրս պրծնելու համար, նրանք պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվեն։ Այդ փոփոխությունը կարող էր տեղի ունենալ 1994֊ին պարտություն կրելու դեպքում։ Բայց նրանք հաղթեցին։

Արդյունքում, ղարաբաղյան հիմնախնդիրը ձևավորեց քաղաքական մի դաս, որը մինչ օրս գտնվում է իշխանության ղեկին։ Ու եթե այդպես շարունակվի, Հայաստանում հազիվ թե ինչ֊որ բան էապես փոխվի։

Բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը, իհարկե, որոշակի հանգամանքների դեպքում կարող է սրվել․ օրինակ, եթե բռնություն կիրառվի ցուցարարների դեմ։ Ոստիկանությունն արդեն ջրցան մեքենաներով ցրել է նրանց, բայց, ինչպես տեսանք, դա սոցիալական պայթյունի չհանգեցրեց։ Եվ եթե նույնիսկ լիներ, կան մեծ կասկածներ, որ այն ինչ֊որ կարևոր շարունակություն կստանար։ Գլխավոր պատճառներից մեկն այլընտրանքի բացակայությունն է։ Մի բան է, երբ իրական այլընտրանք ես տեսնում, ու հիմնական հարցն այն է՝ ինչպես օգտագործել այդ այլընտրանքը։ Իսկ այլընտրանքի բացակայությունն այլ խնդիր է։ Հետևաբար, այսպես թե այնպես, ստիպված ես գործել առկա շրջանակներում։ Իսկ Հայաստանն ինչ֊որ առումով ինքն է իրեն գցել կոշտ շրջանակների մեջ․ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջոցով, այլև՝ վերը նշված մի շարք այլ հանգամանքների։

Այլընտրանքն ինչպիսի՞ն կարող է լինել։ Ելք ռուսական պարադիգմի սահմաններից, բոլոր ձևաչափերի լիարժեք փոփոխություն։ Դա, սակայն, մի ակնթարթում տեղի չի ունենում։ Եթե համակարգն աշխատել է երկար տարիներ, թեկուզ արդյունավետ չի եղել, բայց, միևնույն է, քաղաքական դասը դրա շնորհիվ գոյություն է ունեցել, իշխել ու իրեն հաղթող զգացել․ ի՞նչ է, ուսանողները կարող են դա փոխել՝ պարզապես փողոց դուրս գալո՞վ։ Եթե, սակայն, Հայաստանը վերջիվերջո չհրաժարվի Ռուսաստանի ռազմաբազան լինելուց, թույլ տա՝ ՌԴ֊ն օգտագործի իր ռեսուրսները, մարդկանց, բարձրացնի սակագներն ու ամենը՝ ինչ ցանկանա, որևէ այլընտրանք չի հայտնվի։ Նրանք կարող են հարյուր միլիոն տարի խոսել ու բողոքել նրանից, որ Ռուսաստանն իրենց շահագործում է, սակայն դա նրանց որևէ օգուտ չի տա։ Այն, որ հաջողակ լինելու համար պետք է բաց լինեն աշխարհի համար, չի նշանակում, որ պետք է խզեն բոլոր կապերը Ռուսաստանի հետ։ Ոչ, դա նշանակում է ճկուն քաղաքականություն իրականացնել։ Նրանք, սակայն, չեն ցանկանում բաց ու ճկուն լինել։ Ու դա ներքին խնդիր է, այլ ոչ՝ Կրեմլի ճնշման։ Եթե այդ խնդիրը չլուծեն, չեն զարգանա։ Ու կունենան միայն մի տարբերակ՝ լինել Ռուսաստանի հետ ու մշտապես ինչ֊որ անակնկալների արժանանալ նրա կողմից ու կուլ տալ վիրավորանքներ։ Դրանք Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքներն են։ Ռուսաստանը միայն սպառող է։

Ընդ որում, Հայաստանի քաղաքական դասի ճնշող մեծամասնությունը մակաբուծվում է այս իրավիճակի վրա՝ Ռուսաստանի, ռուսաստանյան հավակնությունների, իր վախերի, մարդկանց վախերի, փակ լինելու, ռուսաստանյան ռեսուրսների հաշվին իր խղճուկ գոյությունը պահպանելու պատրաստակամության վրա։ Խնդիրը միայն այն է, որ ժամանակ առ ժամանակ նրանք բախվում են ուսանողների, որոնք դուրս են գալիս փողոց ու նստում երթևեկելի հատվածում։ Այս ուսանողները նույնպես, սակայն, սակագներն իջեցնելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող առաջարկել։

Ռուսաստանը մակաբուծվում է Հայաստանի վրա։ Հայաստանի քաղաքական վերնախավը մակաբուծվում է դրանից ստացվող շահույթներից։ Ու դա բոլորին գոհացնում է։ Հետևաբար, եկեք այս բողոքի ակցիայից փիղ չսարքենք։