Home / Հայաստան / Քաղաքական ճնշումներ, կոռուպցիա իշխանության բոլոր օղակներում․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի մասին

Քաղաքական ճնշումներ, կոռուպցիա իշխանության բոլոր օղակներում․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի մասին

Հայաստանում 2014 թվականի ընթացքում ամենանշանակալի խնդիրներն էին համակարգային կոռուպցիան և կառավարման համակարգում թափանցիկության բացակայությունը, դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանություններին փոխելու քաղաքացիների կարողության սահմանափակումները: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակին նվիրված ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։

«Պնդումներ կան, որ պետական կառավարման բոլոր օղակներում առկա է մշտապես տիրող կոռուպցիա․ դա խաթարում է իրավունքի գերակայությունը, չնայած կառավարությունը ձեռնարկել էր ստորին և միջին օղակի պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դրսևորումների համար պատժելու սահմանափակ քայլեր: Կառավարման ոլորտում թափանցիկության բացակայությունը խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի հասարակությունը կարողանա պատասխանատվություն պահանջել պաշտոնյաներից իրենց գործողությունների համար: Գործադիր իշխանության կողմից շարունակվել են քաղաքական ճնշումները դատարանների նկատմամբ, որի արդյունքում եղել են քաղաքական շարժառիթներով պայմանավորված որոշ դատական հետապնդումներ ու դատապարտումներ, իսկ Վճռաբեկ դատարանը զգալի վերահսկողություն է ունեցել բոլոր մակարդակների դատավորների որոշումների նկատմամբ: Շարունակվել են հաղորդումներն իշխող ՀՀԿ֊ի կողմից ընտրակաշառքներ տալու ու վարչական ռեսուրսները լայն ծավալով չարաշահելու մասին՝ ազգային ու տեղական մակարդակներում իրենց ընտրական մեծամասնությունը պահպանելու նպատակով:

Արձանագրված այլ խնդիրները ներառում են զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի մահվան դեպքերը, կանոնակարգային հարաբերությունների շարունակվող խախտումները և վատ վերաբերմունքը զորակոչիկների հանդեպ սպաների և ծառայակից զինվորների կողմից: Մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել այդ արարքների համար, թեպետ իշխանությունները ջանքեր են գործադրել զինված ուժերում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ զինվորական օրենքներն ու կանոնակարգերը կիրարկելու համար օգտագործվել է երկրի քաղաքացիական իրավական համակարգը և մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում է անցկացվել սպաների ու հրամանատարների համար:

Ըստ հնչող մեղադրանքների՝ ոստիկանությունը շարունակել է խոստովանություններ կորզելու նպատակով խոշտանգումների կիրառումը և, ձերբակալելիս ու հարցաքննությունների ժամանակ, ծեծի է ենթարկել քաղաքացիներին: Շատ բանտեր եղել են գերբնակեցված, անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններում, չի ապահովվել բանտարկյալների բուժսպասարկումը:

Դատաքննությունները հաճախ երկար են տևել և դատարանները չեն կարողացել ապահովել արդար դատաքննության իրավունքն ապահովող օրենքների կիրառումը», ֊ նշում են զեկույցի հեղինակները:

ԱՄՆ Պետդեպն անդրադարձ է անում նաև հայաստանյան մամուլին՝ նշելով, որ ավանդական լրատվամիջոցներում բացակայել է քաղաքական բազմակարծությունը և օբյեկտիվ լուսաբանումը, և տարվա ընթացքում քաղաքացիական բողոքների հետ կապված արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության մի քանի միջադեպեր:

Զեկույցի համաձայն, կառավարության կողմից սահմանափակումներն ազդել են որոշ փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի վրա, չնայած գրանցված կրոնական խմբերի մեծամասնության կողմից իրենց գործունեության հանդեպ զգալի իրավական խոչընդոտների մասին հաղորդումներ չեն եղել:

«Կրոնական փոքրամասնությունների անդամները ենթարկվել են խտրական վերաբերմունքի հասարակության կողմից: Շարունակում էր խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունը, սակայն այն հիմնականում չէր հաղորդվում իրավասու մարմիններին: Նորածին տղաների ու աղջիկների սեռերի համամասնության զգալի անհավասարակշռությունը մատնանշում է, որ կատարվում է սեռով պայմանավորված ընտրություն մինչ երեխայի ծնվելը: 

Հաշմանդամություն ունեցող անձիք ենթարկվել են խտրականության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք զինվորական ու քրեակատարողական մարմինների կողմից ենթարկվել են չարաշահումների և խտրականության. խնդրահարույց էր նաև հասարակության խտրական վերաբերմունքը նրանց հանդեպ», ֊ ասված է զեկույցում։

Ինչպես և նախորդ տարիներին, ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվում է, որ տարեվերջի դրությամբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներին զոհ գնացած 10 անձանց մահվան գործով իշխանությունները ոչ մեկի պատասխանատվության չեն ենթարկել: