Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը պատրաստ է հարկատուների հաշվին փոխհատուցել էլէներգիայի թանկացումը (թարմացված)

Սերժ Սարգսյանը պատրաստ է հարկատուների հաշվին փոխհատուցել էլէներգիայի թանկացումը (թարմացված)

ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բեռը մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտի ավարտը։ Այս մասին այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է… Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով: Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար։

Ուրեմն եկե՛ք լուծենք խնդիրը և եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում: Այն էներգետիկ համակարգը, որ այսօր մենք փորձում ենք զարգացման հիմքերի վրա դնել, բոլորիս համար է, նախ և առաջ ձեր սերնդի համար: Լսե՛ք իմ բարեկամական հորդորը, անպայմա՛ն լսեք: Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, և միասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը»,֊ ասել է Սերժ Սարգսյանը։

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նստացույցի հավաքվածները դեռ ուսումնասիրում են Սարգսյանի հայտարարությունը՝ գնահատականներ դեռ չեն տալիս։ Նստացույցի մասնակիցների մի մասը պարում է և բղավում՝ հաղթանակ։ Սակայն նստացույցի ակտիվ մասնակից «Ոչ թալանին» նախաձեռնությունը դեռ չի պատասխանել գլխավոր հարցին՝ դադարեցվելու է նստացույցը, թե ոչ։ Նախաձեռնության անդամները, սակայն, ասում են, որ իրենց համար անընդունելի է կրկին պետբյուջեից, այսինքն՝ կրկին հարկատուների հաշվին մուծել ՀԷՑ֊ի պատքերի համար։ Նրանց մի մասը կարծում է, որ սա ընդամենը ցույցը ցրելու Սարգսյանի փորձն է և ամենևին էլ հաղթանակ չէ։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսն էլ արդեն հայտարարում են, որ այսօր ևս գիշերելու են Բաղրամյան պողոտայում, որտեղ նստացույցի 6-րդ օրն է ընթանում։ Ավելի ուշ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանի կայքի հետ զրույցում նշել է, որ իրենք վաղը ժամը 18։00-ի հնարավորինս շատ մարդ են հրավիրում Բքաղրամյան պողոտա, որպեսզի ժողովրդի հետ որոշեն հետագա քայլերը և պատասխանեն Սերժ Սարգսյանին։

Նստացույցի առաջինը օրը Բաղրամյան պողոտայում  գիշերելուց հետո՝ հունիսի 23-ի առավոտյան, ոստիկանությունը ուժ կիրառեց՝ դաժանորեն ցրելով նստացուցավորներին, ովքեր նույն օրը երեկոյան կրկին հավաքվեցին նույն վայրում։ Այսօր ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հունիսի 23-ին առավոտյան ցուցարարների նկատմամբ ուժ չի կիրառվել: 

«Մենք ուժ չենք կիրառել, շատ թեթև ենք եղել: Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը»,- ասել է ոստիկանապետը:

Տեսնայութում՝ ինչ էր կատարվում այդ օրը Բաղրամյան պողոտայում․